ՆԱՏՕ-ն ու Ադրբեջանը քննարկել են ԼՂ-ի հարցը
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի պատվիրակությանը, որը գլխավորել է ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի վերափոխման հարցերով տեղակալ, գեներալ Միրկո Զուլիանին։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։ Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի փոխհարաբերությունները, տարածաշրջանի ռազմաքաղաքական դրությունը, Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող դրությունը։ Կողմերը քննարկել են համատեղ միջոցառումներ ու դասընթացներ անցկացնելու, ինչպես նաև փորձի փոխանակման հարցերը։ Զուլիանիի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Ադրբեջանի ռազմածովային ուժերի բազա։
