Ձմեռ պապից զենք են խնդրել. սահմանի ապաստարանում տեղ կա
«2015 թվականին այցելեցի մի ընտանիքի, որն ապրում էր սահմանին շատ մոտ: Ընտանիքի փոքրիկ անդամը` տասնամյա Բաղրամյան Դավիթն էր, որը հպարտությամբ ընդգծում է, որ մարշալ Բաղրամյանի ազգանունն է կրում և Դավիթ դյուցազնի հետևորդն է»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով, 2015 թվականի ամենահիշարժան պահերին` ասաց սահմանային «Իջևան» հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանը: Խաչիկյանը նշեց, որ Դավիթը ունի ևս մեկ եղբայր ու քույր ու նրանց տունը ամենամոտն է սահմանին: Երբ Դավիթը նկարահանող խմբին ցույց է տալիս իրենց ապաստարանը` Նաիրա Խաչիկյանը չի կարողանում զսպել զարմանքը.«Ասեցի` Դավիթ, ո ՞նց եք ողջ ընտանիքով թաքնվում մի մահճակալի տակ: Ասաց` դու էլ կարող ես գալ, երբ կրակում են մեր ապաստարանը մեծանում է: Այսինքն իրենք այնքան շատ են սեղմվում ու կուչ գալիս, որ բոլորը տեղավորվում են»: «Դավիթն ասում է` ես ոչ մեկից չեմ վախենում, մեծանամ զինվոր եմ դառնալու, ու չէր զգում, որ արդեն զինվոր է: Սահմանին մոտ ապրող բոլոր երեխաներն են յուրահատուկ: Իմ եղբոր երկու բալիկները նամակ են գրել Ձմեռ պապին և զենք են խնդրել»,-փաստեց երկարամյա լրագրողը: Նաիրա Խաչիկյանը իր ձեռքով բազմաթիվ փամփուշտներ է հավաքել հենակետային դիրքերից: Նաիրան այն նվիրյալներից է, որը դժվարությամբ հոգում է մարզային լուրեր ապահովելու գործը, երբ հեռուստաընկերության աշխատանքները կանոնակարգելու համար ֆինանսական աջակիցներ չունի: «Դրանք այն փամփուշտներն են, որ կյանքեր են խլում: Վերցրել եմ ձեռքիս մեջ ու ցավ զգացել: Ասես սիրտս էր խոցվում: Ու միշտ պատրաստ եմ եղել բարձրանալու հենակետ ու լինել սահմանապահ զինվորի կողքին»,-եզրափակեց Նաիրա Խաչիկյանը: Նաիրա Խաչիկյանը եկող 2016 թվականից խաղաղություն է ակնկալում.«Թող միայն բարի լուրեր հաղորդենք ու խաղաղ լինի Տավուշ աշխարհս»,-նշում է Նաիրան: Լուսինե Ղազարյան
