Ինչո՞ւ են մերժում նախկին փոխնախարարին. վիճակը գնալով ծանրանում է
Վաղը վերաքննիչ քրեական դատարանում քննվելու է Պաշտպանության նախկին փոխնախարար, Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորմանը աջակցելու մեջ մեղադրվող Վահան Շիրխանյանի կալանքի երկարաձգման հարցը։ Այս մասին Հայելի.am-ի թղթակցին հայտեց Շիրխանյանի պաշտպան` Ստեփան Ոսկանյանը: «Մենք բողոքարկել ենք առաջին ատյանի որոշումը: Ինչպես միշտ դատարանի ուշադրությանն ենք հրավիրում Վահան Շիրխանյանի տարիքի և առողջական խնդիրների վրա, սակայն դատարանը նրա առողջական վիճակը հաշվի չի առնում և նրան ազատ արձակելու միջնորդությունը մերժում է: Հույս ունենք, որ այս անգամ դատարանը կբավարարի մեր միջնորդությունը, կամ էլ գրավի դիմաց Շիրխանյանին ազատ կարձակեն »,-նշեց Ստեփան Ոսկանյանը: Պաշտպանի փոխանցմամբ` քրեական գործի շրջանակներում որևէ նորություն չկա, նախաքննությունը շարունակվում է: Ստեփան Ոսկանյանը պաշտպանի խոսքով` իրենք նորից պահանջում են, որ Շիրխանյանին անհապաղ տեղափոխեն մասնագիտացված բուժհաստատություն, քանի որ վերջինիս առողջական վիճակը գնալով վատանում է: «Մենք արդեն ստացել ենք Քրեակատարողական վարչության պատասխանը, որով ըստ էության մերժվել է մեղադրյալի նկատմամբ կրկնակի բժշկական հետազոտություն անցկացնելու պահանջը: Նրանք գտել են, որ կրկնակի հետազոտություն կատարելու կամ Շիրխանյանին այլ մասնագիտացված բուժհիմնարկ տանելու անհրաժեշտություն չկա: Այն ինչ մենք դիմել ենք Արդադարատության նախարարին, որպեսզի նրան տեղափոխեն մեր մատնանշած բուժհիմնարկ»,-ընդգծեց պաշտպանը: Նախկին փոխնախարարի պաշտպանը փաաստում է, որ Վահան Շիրխանյանը դժվարությամբ է տեղաշարժվում և հավանական է, որ դատական նիստին չներկայանա: Նշենք, որ Վահան Շիրխանյանը ոտքի թրոմբ ունի, պաշտպանները մի քանի անգամ դիմել են, որպեսզի նրան տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտության, սակայն ՔԿՎ-ն մերժել է: Աստղիկ Ավագյան
