Ուր են ուղղվել ՊՆ գնումներից խնայած գումարները. Վիգեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը
Ռազմինֆոն զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ Հայաստանի ԶՈւ զարգացման յոթնամյա պլանի, «Ազգ-բանակ» հայեցակարգի և մի շարք այլ՝ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի մասին։ Ռազմինֆո. Պարոն նախարար, 2017 թ. հոկտեմբերից սկսվեց բանակի արդիականացման նոր, յոթնամյա ծրագրի մշակումը։ Կարո՞ղ եք մանրամասնել ծրագրի մասին, ինչքանով որ հնարավոր է։ Վ. Սարգսյան. Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մշակված` Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագիրը «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացման գործնական ծրագիրն է։ Հաճախ հարցնում են, թե «Ազգ-բանակ» ասելով ինչ ենք հասկանում, ինչու այն որևէ տեղ չի հրապարկվել և այլն… Այդ հայեցակարգն ունի չորս մակարդակ. առաջինն ընդհանուր թեզերն ու սկզբունքներն են, գաղափարախոսությունը, որը բազմիցս ներկայացվել է Հանրապետության Նախագահի ելույթներում, մասնավորապես 2017 թ. ապրիլին կայացած նույնանուն կոնֆերանսի և հոկտեմբերին` Պաշտպանության ազգային հետազոտական համալսարանում ունեցած իր ծրագրային ելույթներում, մեր կառավարության գործունեության և Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերում, 2016 թվականի հոկտեմբերին՝ ԶՈՒ կոլեգիայի և բանակի 25-ամյակին նվիրված հանդիսավոր նիստերում իմ ելույթներում։ Հիմնական սկզբունքներն են. բանակն ավելի թափանցիկ, ավելի հասկանալի դարձնել մեր հասարակություն համար, ամրապնդել բանակ-հասարակություն կապը և բանակի վրա ծախսվող ռեսուրսը հասանելի և օգտավետ դարձնել նաև մեր հասարակության առավել լայն շերտի համար։ Երկրորդ կարևոր բաղադրիչն օրենսդրական հենքն է, որն ամրագրեցինք անցյալ տարի ընդունված «Պաշտպանության մասին» ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» երկու հիմնարար օրենքներով։ Երրորդ կարևոր բաղադրիչը հենց «Ազգ-բանակ» հայեցակարգից բխող և Նախագահի հրամանագրով հաստատված արդիականացման յոթնամյա ծրագիրն է։ Այն առաջիկա յոթ տարիների բարեփոխումների մեր ուղեցույցն է։ Ակնհայտ է, որ այդ բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ են, նախ՝ բանակի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր, որոնք ամրագրվում են մեր տարեկան, ամսական ծրագրերով և նախատեսում են ամենօրյա աշխատանք նախևառաջ` զորքերում, և երկրորդ՝ համապատասխան գնումներ, որովհետև նյութական բազան շատ կարևոր է։ Նպատակն է` մեր Զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության կտրուկ բարձրացումը, հրամանատրման նոր սկզբունքների ներդրումը, զինանոցի հագեցումը գերժամանակակից և մեր պայմաններին համապատասխանող զենքով և զինամթերքով, անձնակազմի ուսուցումն ու ներդաշնակեցումը` դրված խնդիրները նոր միջոցներով լուծելու համար։ Յոթնամյա ծրագիրն այդ առումով առաջին համապարփակ փաստաթուղթն է, որը հստակ ձևակերպում է նպատակները, դրանց հասնելու քայլերն ու ուղիները՝ ինչ պետք է ունենանք զինանոցում, ինչ միջոցներ է պետք հատկացնել և ինչ հերթականությամբ։ Այսինքն՝ սա «Ազգ-բանակի» զորային բաղադրիչի ճանապարհային քարտեզն է։ Մեզ համար այն ոչ թե ձևական փաստաթուղթ է, որը քննարկվեց, ընդունվեց և դրվեց դարակը, այլ ամենօրյա աշխատանքի հիմնական ուղեցույց. ցանկացած պլանավորում և վերահսկողություն նախարարությունում ու գլխավոր շտաբում այսուհետ իրականացվում է այդ յոթնամյա ծրագրով՝ լինի դա բյուջետային պլանավորում, պաշարների և մարդկային ռեսուրսների հաշվառում և այլն։ Այս ամենն այսուհետ արվում է մեկ ընդհանուր տեսլականով. մեր բանակի մարտունակութունը և զինված ուժերի կարողությունները անընդհատ զարգացնել մեկ կենտրոնացված վեկտորով։ Դա ազդելու է թե՛ մատակարարների հետ մեր հարաբերությունների, թե՛ մեր ներսում պլանավորման գործընթացների, թե՛ դրանց նկատմամբ հսկողության սահմանման վրա։ Ի դեպ, անցած տարի մեր բոլոր գնումների կտրվածքով ունեցել ենք մոտ 10% խնայողություն, ինչը լուրջ թիվ է։ Ընդ որում՝ դրան չենք հասել ապրանքի տեսականու, քանակների նվազեցման կամ որակի վատթարացման հաշվին։ Եվ այդ խնայողությունն ուղղել ենք զենքի և զինամթերքի լրացուցիչ քանակների, նոր տեսակների ձեռքբերմանը։ Եվ վերջապես՝ «Ազգ-բանակի» չորրորդ, մեր հասարակության համար ամենատեսանելի մակարդակը կոնկրետ ծրագրերն են։ Հայեցակարգը ձևակերպված է, հիմնական ուղղությունները հասկանալի են, իրավական հիմքերը կան, առկա է յոթնամյա ծրագիրը, ինչպես նաև կա փաստաթղթի բաց մասը, որն այդ տեսլականը պետք է հասկանալի դարձնի հասարակության համար։ Ու կան ծրագրերը, որոնց հետ հանրությունն անմիջականորեն է առնչվում։ Օրինակ՝ «Ես եմ»-ը, որով ձմեռային զորակոչին ունեցանք շուրջ 150 նորակոչիկ, որոնք իրոք տարբերվում են իրենց որակով, տարբերվում են իրենց դիրքորոշմամբ։ Սա փաստում են նաև հրամանատարները, ովքեր նշում են, որ եթե բոլոր ստորաբաժանումներն այդ ձևով համալրվեին, իրենց խնդիրն ավելի հեշտ կլիներ լուծել, որովհետև գործ ունենք ինքնուրույն որոշում կայացրած և հետևողական երիտասարդների հետ։ Ամռանը կմեկնարկի «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը մեր հարյուրավոր քաղաքացիների համար բուհերում որակյալ անվճար կրթություն և, դրան զուգահեռ, զինվորական մասնագիտություն ստանալու ճանապարհ կբացի։ Կրթված քաղաքացին, բանակ զորակոչվելով սպայի կարգավիճակով, ինքնադրսևորվելու և արդյունքի հասնելու ավելի մեծ հնարավորություններ կունենա։ Նույն՝ “Դիտակետ” ծրագիրը, որը հետադարձ կապն է մեր զորացրված զինվորների հետ և հարուստ նյութ տվեց մեզ` ժամկետային զինծառայությանը վերաբերող հարցերում քաղաքականության մշակման և մոտեցումների վերանայման, ինչպես նաև առանձին զորամասերում առկա խնդիրների և ձեռքբերումների մասին պատկերացում կազմելու համար։ Ուզում եմ ձեզ առաջինը հայտնել այն մասին, որ օրեր անց կհայտարարվի նոր ծրագրի մասին, որով ավագ դպրոցի ավարտական վկայական ունեցող և ժամկետային զինվորական ծառայությունն անցած քաղաքացիները կկարողանան երկու տարում բարձրագույն սպայական կրթություն ստանալ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում՝ սովորելով միանգամից 3-րդ կուրսից։ Նրանց չի պարտադրվի զորանոցային կեցություն ռազմական համալսարանում. առավոտյան գալու են դասի, երեկոյան իրենց ժամանակն ազատ տնօրինեն՝ կարողանալով երկու տարում ստանալ բակալավրի դիպլոմ զինվորական մասնագիտությամբ և սպայական կոչում։ Նրանց տրամադրվելու է բարձր կրթաթոշակ, որը թույլ կտա, որ երկու-երեք այդպիսի կուրսանտ միասին բնակարան վարձակալեն Երևանում։ Եվս մեկ արդյունավետ իրականացված ծրագիր էր ողջ զինված ուժերի անցումը քարտային վճարումների համակարգին, ինչն ամբողջությամբ վերացրեց կանխիկ գումարի շրջանառությունը զորքերում։ Դա կարևոր է՝ բազմաթիվ ռիսկերից խուսափելու համար։ Առաջիկայում մենք լրջագույն ուշադրություն ենք դարձնելու զինված ուժերում ավտոմատ կառավարման համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը։ Այդ նպատակով բանակում ձևավորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատուի (CIO) և իր գրասենյակի ինստիտուտ, որը համակարգելու է ամբողջ համակարգի թվայնացման գործընթացը. զինկոմիսարիատներին տվյալների հետ աշխատելու շատ ավելի արդյունավետ գործիքներ տալուց մինչև հաշավապահական հաշվառում, պահեստների կառավարում, անձնակազմի, զորահավաքային ռեսուրսի հետ աշխատանք և այլն։ Ռազմական կրթության ծրագրերն են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ամբողջական ձևափոխումը, ռազմական երկու բուհերի առաջիկա միավորումը մեկ խոշոր համալսարանական կառույցի մեջ, և բազմաթիվ այլ նախաձեռնություններ, որոնք այժմ մշակման և ներդրման փուլում են։ Ռազմինֆո. Զինված ուժերի զարգացման 7-ամյա պլանում նաև ռազմարդյունաբերության զարգացմանը վերաբերող մաս կա։ Շուտով Երևանում մեկնարկող ArmHiTech ցուցահանդեսին ինչ-որ նոր մշակումներ կտեսնե՞նք։ Վ. Սարգսյան. Լինելու են, անպայման։ Բայց ցուցադրվելու է միայն փոքր մասն այն ամենի, ինչ կարողացել ենք վերջնական տեսքի բերել և ընդունել մարտական հերթապահության։ Ակնհայտ է, որ ռազմարդյունաբերական համալիրի ցանկացած ձեռքբերում մի կողմից ցանկալի է ցուցադրել՝ ներկայացնելու համար քո ներուժը, այդ թվում՝ հնարավոր արտաքին գնորդներին, սակայն մյուս կողմից՝ ցանկացած ցուցադրած կարողություն անմիջապես առաջացնում է դրա հակակշիռը գտնելու կամ ձեռք բերելու ձգտում, հետևաբար որոշակի զգուշություն է պետք նրանում, թե որն է առաջնահերթ յուրաքանչյուր նոր արտադրանքի պարագայում։ Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում մենք զգալի առաջընթաց ունենք մի շարք ուղղություններում, որոնցում ավանդաբար մրցունակ ենք եղել։ Ամենադրականը, որ տեսնում եմ ռազմարդյունաբերական համալիրում, երիտասարդ սերնդի ներգրավումն է։ Իրականացվող բոլոր ծրագրերում կան երիտասարդ գիտնականներ, մարդիկ, ովքեր իրոք մեծ ոգևորությամբ գալիս են ավանդույթների և ներուժի հիման վրա նորը կառուցելու։ Կարծում եմ, որ դա կարող է հիմք դառնալ հետագայում գիտական վաշտ ձևավորելու համար, ինչը թույլ կտա բացառիկ կարողություններով օժտված և գիտությամբ զբաղվող երիտասարդներին ներգրավել ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքում։ Եթե հիշում եք, շատ էր խոսվում այն մասին, որ տարկետումների վերացումն անպայման սահմանափակելու է երիտասարդների մուտքը գիտություն։ Ես այն ժամանակ էլ հայտարարում էի, որ ճիշտ հակառակը՝ մենք դրան զուգահեռ ներդնելու ենք մեխանիզմներ, որոնք թույլ կտան երիտասարդներին ավելի ակտիվ զբաղվել գիտությամբ։ Մենք դրա գործիքակազմը հստակ տեսնում ենք, այն ձևավորման փուլում է, և ամեն ինչ անելու ենք, որ մինչև ամառային զորակոչ արդեն ամբողջը ներդրված լինի։ Ռազմինֆո. Երբեմն կարծիքներ են հնչում, որ արդյունավետ չի օգտագործվում Սփյուռքի ներուժը։ Ռազմարդյունաբերության զարգացմանն ինչպե՞ս է մասնակցում Սփյուռքը։ Վ. Սարգսյան. Անշուշտ, Սփյուռքի հնարավորություններն օգտագործվում են ու գնալով՝ առավել խորությամբ։ Իհարկե մանրամասնել հնարավոր չէ, որովհետև ռազմարդյունաբերական համալիրի հետ փոխգործակցող մարդիկ իրենց քաղաքացիության երկրներում հիմնականում ունեն որոշակի սահմանափակումներ, ինչի պատճառով աջակցությունը հաճախ չի կարող ֆորմալիզացվել։ Հետևաբար, առանց անուններ տալու, Ձեր հարցին ի պատասխան, ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխարհի տարբեր երկրների մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք իրենց պարտքն են համարում սեփական փորձն ու գիտելիքն ի նպաստ դնել Հայաստանի զինված ուժերի գիտատեխնիկական կարողությունների զարգացմանը։ Ռազմինֆո. «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում մեկնարկած բարեփոխումները ենթադրո՞ւմ են արդյոք ծրագրերի համադրում այլ ոլորտների բարեփոխումների հետ։ Օրինակ՝ ներկայումս ընթացող համայնքների խոշորացումը և զինկոմիսարիատների՝ Ձեր կողմից նշված բարեփոխումները։ Վ. Սարգսյան. Միանշանակ։ Եթե մենք խոշորացնում ենք զինկոմիսարիատը, ակնհայտ է, որ յուրաքանչյուր համայնքում պետք է պահենք 2–3 ներկայացուցիչ՝ ի տարբերություն ներկայումս եղած մեծ անձնակազմի, որոնք տեղական ինքնակառավարման մարմիններում բնական կապն են լինելու զինված ուժերի հետ։ Համայնքների խոշորացումը օգնելու է մեզ առավել արդյունավետ կազմակերպել զինկոմիսարիատների աշխատանքը։ Համադրում կա նաև մյուս ոլորտների հետ։ Օրինակ՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի։ Առաջիկա շաբաթներին կառավարությունն ընդունելու է Սիսիանի, Վարդենիսի և Բերդի զինվորական հոսպիտալները տեղի քաղաքացիական հիվանդանոցների հետ միավորելու վերաբերյալ որոշումներ։ Այսօր էլ տեղի բնակիչները դիմում են հոսպիտալներ բուժծառայութուն ստանալու համար, բայց չեն կարող օգտվել, օրինակ՝ պետպատվերից։ Փաստորեն պետպատվերը և որակյալ բուժծառայություն մատուցելու կարողությունը մեկտեղվելու են. էլեկտրոնային առողջապահության համակարգը (որն առողջապահության նախարարությունում խոշոր բարեփոխումներից է), ուղիղ փոխկապակցված է բանակի էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հետ։ Ի դեպ, այս տարի շատ կարևոր, մեծ զորավարժություն ենք պլանավորել։ Կհիշեք «Շանթ-2015» զորավարժությունը, որի հիմքում պետական ողջ համակարգը խաղաղ վիճակից պատերազմականի բերելու իրադրության խաղարկումն էր։ Ես այդ զորավարժության շտաբի ղեկավարն էի և պատասխանատու էի ԶՈւ լուծվող խնդիրների հետ պետական համակարգի ներդաշնակեցման համար։ Այժմ, սահմանադրության փոփոխությունից հետո, հրամանատրման ուղղահայացի փոփոխության համատեքստում, հատկապես կարևոր է փորձարկել վարչապետ – կառավարություն – անվտանգության խորհուրդ – ՊՆ – ԳՇ – պետական կառավարման մարմիններ միասնականության արձագանքը առկա սպառնալիքին կամ իրավիճակի զարգացումներին։ Այդ առումով «Շանթ-2018»-ը շատ ինտերակտիվ է լինելու։ Այն կներառի ամենատարբեր ոլորտներին վերաբերող ներածականներ՝ թույլ տալով յուրաքանչյուր նախարարությանը խաղարկել սեփական որոշումների կայացումը, փաստաթղթերի նախապատրաստումը, հաշվետվողականության ապահովումը և այլն։ Ռազմինֆո. Կա՞ն փոփոխություններ մատակարարումների մասով, օրինակ՝ տեղական արտադրանքի գնումների տեսակարար կշռի փոփոխություն։ Վ. Սարգսյան. Ընդհանուր առմամբ, այդ հարաբերակցությունը հիմա էլ վատը չէ։ Բանակին մատակարարվող պարենի մեծ մասը տեղական արտադրության է։ Իհարկե կան ապրանքներ, որոնք ավելի նպատակահարմար է ներկրել։ Օրինակ՝ համազգեստի կտորը դրսի շուկայում շատ ավելի մատչելի է։ Այս տարի կարողացանք ձեռք բերել լավ որակի կտոր՝ ավելի մատչելի գնով։ Իսկ համազգեստը կարվում է արդեն տեղական ընկերություններում, ինչը թույլ է տալիս նաև զբաղվածության խնդիր լուծել։ Ի դեպ, մենք նաև խրախուսում ենք արտադրությունը սահմանամերձ համայնքներ տեղափոխելը, և գործընկեր կազմակերպություններից մեկն արդեն ստանձնել է այդպիսի պարտավորություն։ Հնարավոր է, որ հետագայում մյուսներն էլ հետևեն այդ քայլին։ Սա մեր ընդհանուր հայեցակարգի ու սահմանամերձ համայնքների զարգացման շատ կարևոր բաղադրիչներից է։ Ընդհանուր առմամբ, սահմանամերձ համայնքների հետ տարվող աշխատանքը շատ արդյունավետ եմ գնահատում. բացի այնտեղ անցկացվող վարժանքներից, աշխարհազորի հետ աշխատանքից, նաև իրական քայլեր են կատարվել թաքստոցների ստեղծման և անվտանգության այլ խնդիրներին ուղղված միջոցառումների իրականացման ուղղությամբ։ Նաև կենցաղային հարցերում… Օրինակ՝ անցած տարի կայացված որոշումով բոլոր դասագրքերը, բոլոր դպրոցներում, անկախ դասարանից՝ դարձան անվճար։ Բուհերում ուսման վարձի փոխհատուցման ծրագրի հետ կապված որոշ բարդություններ կային, որոնք նույնպես լուծվեցին, և այժմ ԿԳՆ-ն լիարժեք երաշխավորում է այդ համայնքներից եկող ուսանողների ուսման վարձերի օրենքով սահմանված փոխհատուցումները։ Իրականացվում են ներդրումային որոշակի ծրագրեր։ Կարևոր դեր ունեցավ Հայաստան-Սփյուռք համաժողովի համար մեր հրատարակած կատալոգը, որը նկարագրում էր յուրաքանչյուր համայնքի խնդիրները։ Մենք արդեն ստանում ենք դրա արձագանքները. սփյուռքի մեր հայրենակիցները (հիմնականում ծնունդով հենց այդ համայնքներից) իրենց վրա բավական լուրջ ծրագրերի իրականացում են վերցնում։ Օրինակ՝ Մովսես համայնքում ջրատարի և ավտոճանապարհի խնդիր է լուծվում։ Խաչիկ գյուղում ջրատարի խնդիր կա, որի լուծմանն, ամենայն հավանականությամբ, կաջակցի Սփյուռքի մեր կառույցներից մեկը։ Վստահ եմ, որ այս գործընթացը շարունակվելու է. մենք շատ հետևողական աշխատում ենք բոլոր գերատեսչությունների, դոնոր-կազմակերպությունների, միջազգային կառույցների և հենց համայնքների հետ` միջգերատեսչական հանձնաժողովի ձևաչափով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
