Խոշոր ավտովթար. կան վիրավորներ
Այսօր` մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում` ոստիկանության Նաիրիի բաժնի հարևանությամբ, Եղվարդի Արարատյան փողոցի 5 տան բնակիչ, 21-ամյա Վահան Մխիթարյանը իր վարած Opel մակնիշի 56 VP 056 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով` բախվել ապառաժ քարերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում` վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Եղվարդի բաժնի օպերատիվ խումբը` տեղի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:
