Կցանկանամ անթերի ղեկավարի տեսնել վարչապետի պաշտոնում. Տաճատ Վարդապետյան
«Սերժ Սարգսյանն անթերի ղեկավար է, ես կցանկանամ տեսնել վարչապետի պաշտոնում անթերի ղեկավարի: Ես գնահատում եմ շատ բարձր, ինչ խոսք, այս հարցը դեռ քննարկվելու է ՀՀԿ-ում »,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Սերժ Սարգսյանի վարչապետության տարիներին խնդիրներ չե՞ն եղել հարցին, պատգամավորը պատասխանեց. «Մոլորակի տարբեր ծայրամասերում կարող են խնդիրներ լինել, ինչպես և մեր համեստ, սակավ ռեսուրսներով օժտված երկրում: Ամենալայն, մեծ ռեսուրսներ ունեցող երկրներում էլ թերություններ լինում են: Ես այդ թերությունները չեմ կապում նրա վարչապետության որակի հետ: Նա բարեխիղճ ղեկավար է, ինքն է մշտապես խոսում թերությունների մասին, շտկում դրանք»:
«Հայաստանը շրջափակման մեջ է, պատերազմող երկիր է: Երբ լինում ենք դրսում, եվրոպական հայտնի քաղաքներում, ինչպիսին Մյունխենն է, Վիեննան է, տեսնում ենք, որ մուրացկանների քանակությունն ավելին է, քան մեր երկրում: Սրտացավ ու մտահոգ ղեկավար է Սերժ Սարգսյանը»,- նշեց Տաճատ Վարդապետյանը:
