«Ես որևէ կուսակցության անդամ չեմ ուզում դառնալ, նույնիսկ՝ Ձեր». Արմեն Սարգսյան
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, դիմելով Արմեն Սարգսյանին, նշեց, որ միակ թեկնածուն է, ու անիմաստ է խոսել այն մասին, որ նա կարող է չընտրվել: «Մտահոգություն չունե՞ք, որ դուք ոչ թե՝ ընտրվում, այլ՝ նշանակվում եք նախագահ ՀՀԿ-ի կողմից: Դուք հնարավո՞ր եք համարում, որ կարող եք գլխավորել ՀՀԿ ցուցակը և առաջադրվել՝ որպես վարչապետի»,- հարցրեց նա՝ հետաքրքրվելով, թե նա ցանկանում է լինել որևէ կուսակցության անդամ: Արմեն Սարգսյանն էլ նկատեց՝ Սահմանադրությունը ինքը չի գրել, ընդամենը քվեարկել է այդ Սահմանադրության համար: «Սա ինձ ուղղված հարց չէ, այլ հարց է՝ ուղղված ձեզ: Ես անձամբ հանդիպել եմ ձեր թեկնածուին՝ Արտակ Զեյնալյանին, հայտնաբերել եմ շատ խելացի, պրոֆեսիոնալ մարդու, որոշ հարցերում ընդհանրություն ունենք, եթե ընտրվեմ՝ ուրախությամբ իր հետ կաշխատեմ: Ես պատրաստ կլինեմ իր գաղափարներին աջակցել: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ես որևէ կուսակցության անդամ չեմ ուզում դառնալ, նույնիսկ՝ Ձեր»:
