ԴԱԻՇ-ի գրոհայինները ծրագրել էին առևանգել Մալայզիայի վարչապետին
ԴԱԻՇ-ի գրոհայինները ծրագրել էին առևանգել Մալայզիայի բարձրագույն ղեկավարությանը, այդ թվում՝ վարչապետ Նաջիբ Ռազաքին: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի խորհրդարանում հայտնել է թագավորության փոխվարչապետ, ՆԳՆ ղեկավար Ահմադ Զահիդ Համիդին: Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները «անցած տարվա հունվարի վերջին բացահայտել են մոտ 13-հոգանոց ԴԱԻՇ-ի հետ կապված խմբավորման գաղափարը՝ առևանգել կառավարության ղեկավարին, ՆԳՆ ղեկավարին, ինչպես նաև պաշտպանական գերատեսչության ղեկավար Հիշամուդին Հուսեյնին»: Փոխվարչապետը նաև հայտնել է, որ վեջին 2 տարում կանխվել է ԴԱԻՇ-ի գրոհայինների 4 խոշոր հարձակում. նրանք ահաբեկչություններ էին ծրագրել Մալայզիայի տարածքում: Աճած ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ՝ այս տարվա հունվարին երկրի վարչապետը հայտնել է առավել մարդաշատ վայրերում ոստիկանական և զնվորական համատեղ պարեկություններ սահմանելու մասին: Բացի դրանից՝ երկիր մուտքի բոլոր կետերում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:
