Ո՞վ է Եղվարդի քաղաքապետի որդին. մանրամասներ ավտովթարից
«Շատ պատահական է եղել, տղաս մինչև հիմա ուշքի չի գալիս կատարվածից: Մեզ մոտ էլ շոկային վիճակ է»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավար Նորիկ Սարգսյանը: Նշենք, որ Կոտայքի մարզում մարտի 6-ին վրաերթ է տեղի ունեցել, որ հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած կնոջը տեղափոխել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Վրաերթի համար մեղադրվում է Եղվարդ համայնքի ղեկավար Նորիկ Սարգսյանի որդին` Խաչիկ Սարգսյանը: «Վթարից հետո` իր ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ մեղայականով ներկայացել է ոստիկանության Եղվարդի բաժին: Չեմ կարող ասել տղաս է մեղավոր եղել, թե վնասված կինը, այս պահին քննություն է կատարվում»,-տեղեկացրեց քաղաքապետը: ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից էլ Հայելի .am-ի թղթակցին հայտնեցին, որ վրաերթի ենթարկված կնոջ վիճակը ծանր է գնահատվում: Դեպքի հանգամանքները եւ կնոջ ինքնությունը պարզվում են: Տեղեկացնենք, որ մարտի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Եղվարդի քաղաքապետի որդն` 29-ամյա Խաչիկ Սարգսյանը Երևան-Զովունի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում` հայտնի կազինոների հավաքատեղիի մոտ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի 001 LL 81 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Մեզ հետ զրույցում Եղվարդի բնակիչները դրական բնութագրեցին քաղաքապետի որդուն.«Հանգիստ, անշառ տղա է, ցավում ենք կատարվածի համար: Հայրն էլ հարգված ղեկավար է»,-ասաց մեր զրուցակիցը: Աստղիկ Ավագյան
