Ռուսաստանի նպատակը նոր նավթային կարտել ստեղծելն է
Ռուսաստանի նպատակը նոր նավթային կարտել ստեղծելն է, որի վերահսկողության ներքո կարող է հայտնվել նավթի համաշխարհային արդյունահանման ծավալի մոտ երեք չորրորդը: Նման եզրակացությամբ է հանդես եկել ամերիկյան Business Insider պարբերականը: Ըստ պարբերականի՝ իր ազդեցությունը նավթ արդյունահանող երկրների վրա Մոսկվան սկսեց ուժեղացնել ՕՊԵԿ-ի անդամ երկրների՝ նավթի արդյունահանման ծավալների սառեցման հետ կապված բանակցություններին միջամտելուց հետո: Ռուսաստանին հաջողվել է համոզել նման քայլի գնալ նույնիսկ ԱՄՆ-ի վաղեմի դաշնակից Սաուդյան Արաբիային, որի հարաբերությունները Վաշինգտոնի հետ փչացել են Իրանի հետ միջուկային գործարք կնքելուց հետո: 2016-ի հունվարի մակարդակով նավթի արդյունահանման ծավալների սառեցումը ըստ էության անիմաստ է՝ դրա ռեկորդային ծավալների պատճառով: Սակայն եթե Մոսկվային հաջողվի պայմանավորվել Իրանի հետ, որը պատժամիջոցների չեղարկումից հետո ցանկանում է մեծացնել իր վառելիքի արտադրությունը, ինչպես նաև Պարսից ծոցի այլ երկրների, մասնավորապես՝ Իրաքի հետ, ապա Մոսկվան դե ֆակտո կդառնա աշխարհի նավթարդյունահանող երկրների առաջնորդ, որին բաժին կընկնի նավթի համաշխարհային մատակարարման մոտ 73 տոկոսը:
