ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային վերսկսել քրդերի հետ հաշտեցման գործընթացը
Եվրամիությունը կրկին կոչ է անում Անկարային վերսկսել քրդերի հետ խաղաղ բանակցությունները: Այդ հարցը կքննարկվի ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ժամանակ: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, գրում է РИА Новости-ն: «Մենք աշխատում ենք Թուրքիայի հետ՝ ինչպես թեկնածու երկրի, և շատ ուշադիր հետևում ենք ներքին իրավիճակին: Անհրաժեշտ է վերագործարկել քրդական գործընթացը: Եվրամիությունն ընդունում է, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն ահաբեկչական կազմակերպություն է, բայց անհրաժեշտ է, որ թուրքական իշխանությունները համագործակցեն քրդական քաղաքական ներկայացուցիչների հետ, նրանց հետ, ովքեր իրենց դիրքորոշումն արտահայտում են խաղաղ՝ երկրի ներսում քրդական հարցի լուծման հեռանկարներ տրամադրելու համար: Մենք դա նույնպես այսօր կքննարկենք վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ»,- ասել է Մոգերինին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովից առաջ: Մոգերինին հավելել է նաև, որ Թուրքիան պետք է պատասխանի խոսքի և հավաքների ազատության պաշտպանության վերաբերյալ Եվրամիության կոչերին։ «Թուրքիան պետք է պատասխանի Եվրամիության կոչերին, և որպես թեկնածու երկիր՝ հետևի ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, հիմնարար ազատություններին վերաբերող չափանիշներին»,- ասել է նա լրագրողներին։
