«Սա ազգային վտանգ է». Աշտարակ-Կաթ ընկերությունից տուժած տնտեսվարողները բողոքում են կառավարության դիմաց (video)
Այսօր կառավարության շենքի դիմաց մի խումբ տնտեսվարողներ բողոքի ակցիա էին իրականացնում. ակցիայի մասնակիցները տուժել են Աշտարակ-Կաթ ընկերության գործունեությունից: Հիշեցնենք, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2016թ. վճռով «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել: Շուկայում գերիշխող դիրք ունեցող խոշոր արտադրողը պարտքեր է կուտակել ինչպես պետության, այնպես էլ աշխատողների և կաթ մատակարարող գյուղացիների նկատմամբ: Ակցիան համակարգողներից Արթուր Աթոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ունեցած տեղեկություններով մանրածախ օբյեկտների սեփականատերերի թիվը հասնում է 3 հարյուրի. «Օր օրի տուժած ձեռներեցների թիվն ավելանում է, իսկ գումարն էլ հասնում է արդեն մի քանի միլիոնի: Սա իրենից ներկայացնում է ազգային վտանգ: Յուրաքանչյուր տնտեսվարող, ով հանդիսանում է երկրի տնտեսական կայունության ապահովողը, այսօր կարող է լինել խոցելի ու լքել հայրենիքը»: Առավել մանրամասն՝ տեսանյութում
