Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ. Սերգեյ Բագրատյանը՝ Լևոն Մկրտչյանին
ԱԺ-ում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, հարց ուղղելով ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին, նշեց, որ նոր օրենքով կենսաթոշակային տարիքի հասած գիտնականն այլեւս չի կարող մասնակցել բուհի ներքին մրցույթներին. «Ինձ անհանգստացում է նախագծով բազմաթիվ կետերում տեղ գտած խտրականության դեպքերը: Սա ինչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ։ Սա նաեւ կոռուպցիայի բուն է։ Պատկերացնում եք` ինչ նվաստացուցիչ արարողություն է` գիտնականն ամեն տարի դիմում է ռեկտորին` եւս մեկ տարով երկարաձգելու պայմանագիրը. եթե գիտնականը կատարել է իր հանձնարարականները, ապա թույլ կտա, եթե անկախություն է ցուցաբերել, ապա` ոչ։ Ու այսպես, ամեն տարի գիտնականը պետք է դիմի։ Տարիքային այս խտրականությունը նույնիսկ Սահմանադրությամբ է արգելված»։ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն էլ նշեց, որ մենք երիտասարդ սերնդի գիտնականների խնդիր ունենք, ոչ թե՝ ավագ. «Մեր ամբիոններում 5-7 տարի հետո գիտնական չենք ունենալու, որ շարունակեն, որովհետև այդ 70 տարեկան մարդիկ էլ շատ հաճախ իրենց ընկերներով աշխատում են: Դուք ինչ լուծում տաք, մենք պատրաստ ենք քննարկել, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ թվեր ունենք»:
