Հուսախաբ եղած թուրքերն ինչպե՞ս կդիմավորեն ԱՄՆ-ի պետքարտուղարին

Մեկնարկել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի մերձավորարևելյան տարածաշրջանային այցը: Նա հինգ երկիր է այցելում՝ Եգիպտոս, Քուվեյթ, Լիբանան, Հորդանան և Թուրքիա: Կիրակի օրը Թիլերսոնը ժամանեց Կահիրե, երեկ ԱՄՆ-ի պետքարտուղարը բանակցություններ էր վարում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ: Պետքարտուղարի այցը կատարվում է տարածաշրջանային լարվածության աճի, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականության հետևանքով առաջացած մտահոգությունների ֆոնին։ Նրա այցից մեկ օր առաջ Իսրայելն ուժեղ հրետակոծության ենթարկեց Սիրիայի տարածքն այն բանից հետո, երբ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը իսրայելական ռազմական F-16 օդանավ խոցեցին: Իսրայելական ռազմական ինքնաթիռներն օդ էին բարձրացել, որովհետև Սիրիայի տարածքից անօդաչու թռչող սարք էր ներխուժել Իսրայելի տարածք։ Թել-Ավիվը պնդում է, որ ոչնչացված դրոնը կառավարվում էր Սիրիայում տեղակայված իրանական համակարգերի միջոցով: 2011-ից ի վեր սա Իսրայելի ամենալուրջ ներգրավածությունն է սիրիական հակամարտությունում: Մյուս կողմից՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահի նախաձեռնությունը: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի դաշնակից արաբական երկրներին զայրացրել է Թրամփի նախաձեռնությունը, և այդ երկրներում Թիլերսոնն ամենայն հավանականությամբ մտահոգություններ կլսի։ Այդ որոշումը նաև թուլացրել է իսրայելապաղեստինյան երկարատև բանակցությունները վերսկսելու շանսերը։ Ամերիկացի պաշտոնյաները, հաշվի առնելով հարցերի նրբությունը, համաձայնել են նախատեսվող բանակցությունների որոշ մանրամասներ ասել Associated Press-ին՝ պայմանով, որ իրենց անունները չհրապարակվեն։ Նրանք նշել են, որ Եգիպտոսի նախագահի հետ այսօրվա բանակցություններում Թիլերսոնը բարձրացնելու է նաև մարդու իրավունքների խնդիրները: Մարտին Եգիպտոսում կայանալիք ընտրություններում ալ-Սիսին պատրաստվում է երկրորդ անգամ չորսամյա ժամկետով նախագահ ընտրվել՝ առանց լուրջ մրցակիցների։ Նրանք, ովքեր կարող էին ալ-Սիսիին մարտահրավեր նետել, կա՛մ ձերբակալված են, կա՛մ հրաժարվել են ընտրապայքարից։ Եգիպտոսի ընդդիմությունը կոչ է արել բոյկոտել ընտրությունները։ Եգիպտոսից Թիլերսոնը մեկնելու է Քուվեյթ՝ երկու միջազգային համաժողովներում գլխավորելու ամերիկյան պատվիրակությունները։ Համաժողովներից մեկը իսլամական ծայրահեղականության դեմ երկրների կոալիցիան է, մյուսը նվիրված է հետպատերազմական Իրաքի վերականգնմանը։ Ամերիկացի պաշտոնյաներն ասել են, որ Թիլերսոնն ԱՄՆ-ի օգնությունը չի խոստանալու, փոխարենը մասնավոր ընկերությունների և բանկերի վրա ճնշում է գործադրվելու՝ ակտիվացնելու նրանց մասնակցությունն Իրաքի երկարաժամկետ զարգացման ծրագրերին։ Ակնկալվում է, որ այդ համաժողովին մասնակցելու են 2 հազար 300 ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 100 ամերիկյան։ Քուվեյթում Թիլերսոնը բանակցելու է այդ երկրի պաշտոնյաների հետ, որոնք փորձում են միջնորդական առաքելությամբ կարգավորել Կատարի և արաբական մի քանի երկրների միջև անցյալ տարվանից սկսված գժտությունը։ Հորդանանի բանակցությունների հիմնական թեման լինելու է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման հետևանքով առաջացած անհանգստությունների կառավարումը։ Հորդանանը նաև դժգոհ է պաղեստինցիներին ամերիկյան օգնությունից զրկելու Թրամփի վարչակազմի որոշումից։ Հորդանանում շատ պաղեստինցիներ են ապրում, այդ թվում՝ փախստականներ։ Ակնկալվում է, որ Ամանում Հորդանանի կառավարության հետ Թիլերսոնը միլիարդավոր դոլարների երկարաժամկետ ամերիկյան օգնության փաթեթ կստորագրի՝ ամրապնդելու երկկողմ կապերը։ ԱՄՆ-ի պետքարտուղարի տարածաշրջանային այցն ավարտվելու է Անկարայում։ Ամերիկացի պաշտոնյաներն ասել են, որ Թիլերսոնի բանակցությունների մեծ մասը ծանր կլինի, հատկապես ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ է վարում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ջոկատների դեմ, ինչպես նաև հաշվի առնելով Անկարայում հակաամերիկյան հռետորաբանության աճը։ Ակնկալվում է, որ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունները լարված կլինեն։ Ամերիկացի պաշտոնյաների փոխանցմամբ, Թիլերսոնը նորից է զգուշացնելու, որ Թուրքիան Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողություններում զսպվածություն ցուցաբերի։ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա կատարելիք այցի նախաշեմին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները գտնվում են «կրիտիկական հանգրվանում»: «Կամ մենք կարգավորում ենք հարաբերությունները, կամ դրանք վերջնականապես կխաթարվեն»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Մենք արդեն ոչ թե խոստումներ, այլ հստակ քայլեր ենք ցանկանում: Մենք այդ մասին կասենք Թիլերսոնին իր այցի ժամանակ»,- նշել է Չավուշօղլուն, պնդելով, թե սիրիական որոշ շրջաններում Վաշինգտոնը չի պայքարում ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ, որպեսզի «հիմնավորի քրդական ջոկատների հետ համագործակցության անհրաժեշտությունը»: Թուրքիան, հիշեցնենք, վերջին երեք շաբաթներին ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ջոկատների դեմ, պնդելով, թե նրանք ահաբեկիչներ են: Միացյալ Նահանգները, մինչդեռ, վերջիններիս ոչ միայն ահաբեկիչ չի համարում, այլև զինում է և համագործակցում նրանց հետ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում: Չնայած Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների մտահոգություններին՝ թուրքական իշխանությունները հայտարարում են, թե չեն պատրաստվում վերջ տալ ռազմական գործողություններին Սիրիայի քրդական խմբավորումների դեմ: Ավելին՝ Անկարան հայտարարում է, թե Աֆրինից հետո մտադիր են թիրախավորել նաև հարևան Մանբիջն ու Իդլիբի նահանգը՝ հասնելով ընդհուպ մինչև Իրաքի հետ սահման: Թուրքական ռազմական գերատեսչության հաղորդմամբ՝ Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում արդեն քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերի» մոտ 1400 զինյալ է սպանվել: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով, միայն կիրակի` փետրվարի 11-ին, օդային և ցամաքային գործողությունների արդյունքում թուրքական ուժերին հաջողվել է «չեզոքացնել» Աֆրինում դիրքավորված 103 քուրդ զինյալների: Հունվարից ի վեր Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների ֆոնին էլ ավելի են սրվել թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերությունները, որոնք մինչ այդ էլ լարված էին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող՝ ԱՄՆ-ում բնակվող թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցի պատճառով: Վաշինգտոնը պնդում է, որ Անկարան չի ներկայացրել նրա արտահանձնման համար բավարար հիմնավորումներ: Մինչ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցը՝ Անկարա էր մեկնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերը, ով իր թուրք պաշտոնակիցների հետ հանդիպման արդյունքներով վերահաստատել է երկու երկրների ռազմավարական գործընկերությունը, համատեղ հայտարարության մեջ նշելով, թե քննարկում են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի ընդլայնման ճանապարհները: ՄըքՄասթերի ու Թուրքիայի նախագահի հատուկ խորհրդական Իբրահիմ Քալընի հայտարարության մեջ ասված է, որ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերին և մտքեր են փոխանակվել ամերիկա-թուրքական հարաբերությունների շուրջ, որոնք բնութագրվել են որպես «երկարատև դաշնակցային»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am