Սամվել Բաբայանի գործով առանցքային նոր վկա ցուցմունք կտա
ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 9-ին, Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայան իր պաշտպանի հետ միջնորդեց գործով առանցքային վկա Ռոբերտ Ավալյանին հրավիրել դատարան եւ հարցաքննել: Ավետիս Քալաշյանը դատարանում հայտարարեց, որ առաջին ատյանի դատարանում Ռոբերտ Ավալյանը ցուցմունք չի տվել, քանի որ այդ ժամանակ գտնվել է Վրաստանում եւ ձերբակալված է եղել: «Քանի որ նա այս պատմության ծագող աղբյուրն է, նրա ցուցմունքից է ամեն ինչ սկսվել, եւ երեքիս հիմա դատում են, ճիշտ կլինի, որ նա ցուցմունք տա եւ հասկանանք, թե ինչ է ասել»,-ասաց Սամվել Բաբայանը: Մեղադրող դատախազն էլ ասաց, որ Ռոբերտ Աղվալյանը այժմ կալանավորված է, եւ գործը նախաքննության փուլում է գտնվում, չնայած դրան Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ որոշեց հաջորդ դատական նիստին հարցաքննել Ռոբերտ Աղվալյանին: Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 16-ին:
