Գեղարքունիքի մարզի փրկարարները, ջրասուզակն ու Նորատուս գյուղի ողջ բնակիչները Սևանում հայտնաբերեցին ջրահեղձ եղածներից մեկի դին
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սևանի հրշեջ-փրկարարները և հատուկ ջրասուզակը Սևանա լճում հայտնաբերեցին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներից մեկի դին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երրորդ օրն է` փրկարարները, ջրասուզակներն ու Նորատուս գյուղի գրեթե ողջ բնակչությունը որոնում էին ջրահեղձ եղածներին: Երկրորդի որոնողական աշխատանքերը շարունակվում են: Հայտնաբերվել է նաև մոտորանավակը, որը դուրս է բերվել 28 մետր խորությունից: Թե հանված դին ով է ` այս պահին ճշտվում է: Որոնողական աշխատանքները տեղում ղեկավարում է մարզի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանը, ով իրավիճակի մասին տեղեկությունները տեղում հաղորդում է փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Արման Ցոլակյանին, վերջինս էլ իրավիճակի մասին զեկուցում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:
