«Հրապարակ»․ Հսկա քաղաքում ժամը 6-ից հետո տրանսպորտ չկա՝ աշխատանքից ինչպե՞ս վերադառնան տուն
«Հրապարակը» գրում է․Դիլիջան ամեն տարի այցելում են հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ։ Դիլիջան քաղաքի տարածքը մեծ է, փռված, դժվար է ոտքով Դիլիջանի մի հատվածից մյուսը հասնել։ Տուրիստական Դիլիջան քաղաքում եւ Դիլիջան համայնքում գործող հասարակական տրանսպորտի աշխատանքից մեծ դժգոհություններ կան։ Այն հարմար չէ դիլիջանցիների առօրյա տեղաշարժի համար, որպես հասարակական տրանսպորտ աշխատող ավտոբուսների երթուղիները, դրանց աշխատանքի ժամանակացույցը դիլիջանցիներին հոգս են պատճառում։ Դիլիջանի որոշ թաղամասեր ու համայնքի գյուղեր հասարակական տրանսպորտ գրեթե չի մտնում։ Անձնական օգտագործման ավտոմեքենաներ չունեցող դիլիջանցիները ստիպված են տրանսպորտի համար հավելյալ ծախս անել, օգտվել տաքսի ավտոմեքենաներից։
Դիլիջանի բնակիչ Հայկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասում է․ «Կցանկանայի, որ ուշադրություն դարձվի Կամոյի փողոցի տրանսպորտային գրաֆիկին, քանի որ ներկայիս չվացուցակը կարծես հարմարեցված է հիմնականում դպրոց հաճախող երեխաների կարիքներին՝ անտեսելով աշխատող մարդկանց խնդիրները։ Շատ մարդիկ աշխատանքի են գնում առավոտյան ժամը 9:30-10:00-ին, իսկ աշխատանքն ավարտում են ժամը 16:00–17:00-ի սահմաններում։ Արդյունքում՝ առավոտյան ստիպված են լինում տաքսիով մեկնել աշխատանքի, իսկ երեկոյան՝ շուրջ երկու ժամ անիմաստ սպասել տրանսպորտին»։
Դիլիջանի բնակչուհի Սոնա Դավթյանն ասում է․ «Նույնը Կամո թաղամասում է, եթե իջնում ես կենտրոն, պետք է 3 ժամ սպասես, որ հետ վերադառնաս, օրվա մեջ 3 անգամ է տրանսպորտն աշխատում»։ Գրետա Պետրոսյանը փաստում է․ «Դիլիջանում ժամը 6-ին կյանքը կանգ է առնում, բոլորը զարմացած են՝ ոչ մի տեղ չկա սենց բան, հսկա քաղաքում ժամը 6-ից հետո տրանսպորտ չկա, աշխատանքից ինչպե՞ս պետք է վերադառնան տուն։ Ամոթ է ուղղակի, ավտոբուսը մտցրեք գիծ՝ հետո մարդիկ կիմանան, որ տրանսպորտ կա, արդեն հունի մեջ կընկնեն։ Հուսով եմ, որ ամեն ինչ կկարգավորվի, մի մեծ բան չի»։ Հասմիկ Բայբությանը հռետորական հարց է տալիս․ «Շամախյանի շենքերից մինչեւ կենտրոն կիրակի օրերը ո՞նց հասնենք»։
Դիլիջանի ծայրամասերի բնակիչները մեկ այլ հիմնախնդրի մասին էլ են խոսում․ տաքսի պատվիրելու դեպքում տաքսիստները պատվերը չեն ընդունում, վարորդները պատճառաբանում են, որ Թախտա թաղամասի ճանապարհները վատն են, դժվար է բարձրանալ։ Թախտայի բնակիչները դժգոհ են, որ այդ թաղամասի գլխավոր փողոցով դեպի քաղաքի կենտրոն հասարակական տրանսպորտ չի գործում։ Դիլիջանցիները դժգոհում են, որ Դիլիջան քաղաքը եւ համայնքի 6 գյուղերը Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքին, Դիլիջանից ընդամենը 33 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Վանաձորին կապող հասարակական տրանսպորտ չկա։ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում գործում է գյուղատնտեսական շուկա, այնտեղ մրգերը, բանջարեղենը, գյուղատնտեսական մթերքները Դիլիջանի համեմատ էժան են։ Շատ դիլիջանցիներ դրանք գնելու համար մեկնում են Իջեւան։ Բայց Իջեւան մեկնելու եւ այնտեղից վերադառնալու համար ստիպված են օգտվել Երեւան-Իջեւան-Երեւան, Վանաձոր-Իջեւան-Վանաձոր երթուղիների միկրոավտոբուսներից։ Դրանք հաճախ ուղեւորներով լի են լինում, դիլիջանցիների համար տեղ չի լինում, կամ էլ այդ միկրոավտոբուսներում դիլիջանցիները կանգնած են երթեւեկում։
Դիլիջանի բնակչուհի Լիանա Մարանդյանը հայտնում է․ «Տարիներ առաջ ունեցել ենք Դիլիջան-Իջեւան, Դիլիջան-Վանաձոր երթուղում գործող ավտոբուսներ։ Իսկ քաղաքային ավտոբուսներն ինչո՞ւ պետք է աշխատեն մինչեւ երեկոյան ժամը 6-ը։ Մարդիկ, որոնք աշխատում են մինչեւ երեկոյան ժամը 8-ը կամ 10-ը, ինչո՞վ տուն վերադառնան՝ տաքսիներո՞վ»։ Սաթենիկ Սահակյանն էլ ասում է․ «Վանաձոր-Իջեւան հասարակական տրանսպորտն ահավոր գերծանրաբեռնված է, որովհետեւ գյուղերի բնակիչներն էլ են օգտվում այդ գազելներից»։
Հոկտեմբերի 25-ին Դիլիջանում կկայանան համայնքի ավագանու եւ համայնքապետի ընտրություններ։ Դիլիջանցիները հասարակական տրանսպորտի աշխատանքը բարելավելու պահանջը պետք է դնեն համայնքային իշխանությունների թեկնածուների, ապա եւ նորընտիր իշխանության առաջ։
