Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.

««Երրորդ փորձի» առասպելը

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հրապարակած զեկույցը ներկայացնում է որպես Հայաստանի անկախության դեմ ուղղված հերթական դավադրության դրսևորում։

Ըստ նրա՝ սա Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու երրորդ փորձն է, որի վերջնական նպատակը Հայաստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելն ու մեր պետությանը նախ դե ֆակտո, ապա նաև դե յուրե անկախությունից զրկելն է։

Փաշինյանի մեկնաբանությամբ՝ առաջին փորձը տեղի է ունեցել 2023 թվականին՝ Արցախի հայաթափման ժամանակ, երկրորդը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում, իսկ երրորդը նախապատրաստվում է հիմա։

Գործ ունենք սեփական արտաքին քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից խուսափելու հերթական ամոթալի փորձի հետ։

ԵԱՏՄ զեկույցում ներկայացված տնտեսական գնահատականների արժանահավատությունը, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ հնարավոր սահմանափակումների իրավաչափությունը կարող են և պետք է դառնան առարկայական քննարկման թեմա։ Հեռու եմ այն մտքից, որ որևէ զեկույց պետք է ընդունել որպես «հալած յուղ»:

Սակայն այս ամենը չի կարող ստվերել այն իրողությունը, որ տարիներ շարունակ Փաշինյանի իշխանությունը վարել է արտաքին քաղաքականություն, որի հռչակված նպատակները հաճախ հակասել են Հայաստանի տնտեսական կախվածություններին և անվտանգության համակարգի իրական կառուցվածքին։

Հայաստանը շարունակում է օգտվել ԵԱՏՄ տնտեսական հնարավորություններից, մինչդեռ իշխանությունը հայտարարում է եվրոպական ինտեգրման հեռանկարի մասին՝ հանրությանը չներկայացնելով վերակողմնորոշման իրատեսական ճանապարհային քարտեզ, հնարավոր տնտեսական կորուստները փոխհատուցելու և դրանց հետևանքները մեղմելու հստակ մեխանիզմներ։

Երբ այդ ամենը հարուցել է համապարփակ քաղաքական ճգնաժամ, Փաշինյանը փորձում է դրա ողջ պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Ընդ որում, վարչապետի այն պնդումը, թե ԵԱՏՄ զեկույցում տնտեսական բաղադրիչ ընդհանրապես գոյություն չունի, պրիմիտիվ ու մանիպուլյացիոն պնդում է, որի միակ նպատակը հասարակությանը մոլորեցնելն է:

Առանձնապես ուշագրավ է 2023 թվականի արցախյան ողբերգության վերաբերյալ Փաշինյանի մեկնաբանությունը։

Անդրադառնալով Արցախի հայաթափմանը՝ նա իր քաղաքական մեղադրանքների հիմնական հասցեատեր է դարձնում ռուսական խաղաղապահ առաքելությունը՝ փաստացի երկրորդ պլան մղելով Ադրբեջանի անմիջական պատասխանատվությունը։

Որևէ ողջամիտ մարդ արցախյան ողբերգության հարցում չի անտեսում Ռուսաստանի պատասխանատվությունը. այս և այլ զգայուն հարցերն անպայման ու անպատճառ պետք է դառնան հայ-ռուսական քննարկումների մաս:

Սակայն անառարկելի է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ռազմական գործողություններ իրականացնողն Ադրբեջանն էր, որն էլ կրում է արցախահայության բռնի տեղահանման հիմնական պատասխանատվությունը։

Մինչդեռ Փաշինյանի մեկնաբանության առանցքում ոչ թե Ադրբեջանի գործողություններն են, այլ Ռուսաստանի ենթադրյալ մտադրությունը՝ արցախահայության տեղահանությունն օգտագործելու Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու նպատակով։

Այսպիսով, ազգային ողբերգությունը տեղավորվում է Փաշինյանի իշխանության պահպանման շուրջ կառուցված քաղաքական պատումի մեջ։ Արցախի կորուստը ներկայացվում է ոչ թե Հայաստանի պետական քաղաքականության և անվտանգության համակարգի աղետալի ձախողման համատեքստում, այլ որպես Փաշինյանի իշխանության դեմ կազմակերպված դավադրության դրվագ։ Սա սեփական պատասխանատվությունը երկրորդ պլան մղելու փորձ է (ընդ որում, Փաշինյանը «մոռացել» է իր բազմաթիվ հայտարարությունների մասին, որոնց իմաստն այն է, որ Արցախը թոկ է եղել Հայաստանի վզին՝ կաշկանդելու համար մեր անկախությունը):

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Փաշինյանն, ըստ էության, վերարտադրում է Ռուսաստանից եկող «հիբրիդային պատերազմի» մասին նախկինում շրջանառված թեզը։

Դարձյալ քարոզչական «փրփուր»՝ զրո փաստական հենքով:

Փաստորեն, իշխանությունն իրեն է վերապահում իրավունք՝ որոշելու, թե ով է պաշտպանում Հայաստանի անկախությունը, և ով է գիտակցաբար կամ անգիտակցաբար սպասարկում արտաքին ուժերի շահերը։

Սա վտանգավոր քաղաքական տրամաբանություն է, որի հետևանքով անկախության պաշտպանության գաղափարը կարող է վերածվել ներքաղաքական մրցակիցներին վարկաբեկելու, քաղաքական բազմակարծությունը սահմանափակելու և հասարակության ներսում նոր բաժանարար գծեր ձևավորելու գործիքի։

Փաշինյանի հայտարարությունները պետք է դիտարկել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին նրա երեկվա ակնարկի համատեքստում։

Այս հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյանն արդեն սկսել է նոր ընտրական կամպանիայի քաղաքական նախապատրաստությունը։ Մեծ է հավանականությունը, որ դրա «գաղափարական» առանցքը կրկին դառնալու է հակառուսականությունը։

Եթե նախորդ ընտրություններում Փաշինյանը քաղաքական մրցակցությունը կառուցում էր «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքի վրա, ապա առաջիկայում դրան ավելանալու է նոր՝ «անկախություն կամ Ռուսաստանի վերահսկողություն» դարձյալ կեղծ երկընտրանքը։ Երկու դեպքում էլ քաղաքական տեխնոլոգիան նույնն է՝ բովանդակային, ծրագրային մրցակցությունը փոխարինել հասարակության վախերի ընտրական շահագործմամբ։

Փաշինյանի քաղաքականության մեջ խաղաղությունը ոչ թե ինքնուրույն ռազմավարական նպատակ է, այլ միջոց՝ Հայաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշումն առաջ տանելու և դրա շուրջ հասարակական աջակցություն ապահովելու համար։

Փաշինյանի քաղաքականության առանցքային հակասությունն այն է, որ արտաքին քաղաքական յուրաքանչյուր նոր ճգնաժամ ներկայացվում է որպես իր իշխանության դեմ ուղղված դավադրություն, իսկ այդ ճգնաժամի առաջացման հարցում սեփական քաղաքականության պատասխանատվության քննարկումը դուրս է մղվում հանրային օրակարգից։

Հայաստանի անկախությունն ու գործող իշխանության քաղաքական վերարտադրությունը նույնական հասկացություններ չեն։ Հայաստանի անկախության պաշտպանությունը չի կարող նույնացվել Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման հետ: Ճիշտ հակառակը՝ ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից»։

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video) Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցին ՔՊ-ի «պարագլուխներին յուբկա հագցրեց»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արա՛, կարողա՞ գիտես՝ հորդ դուքյանն ա․․․ ո՞վ ես դու, որ երեկ նման բան հայտարարեցիր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը ներքին հեղափոխություն է արել․ Թրամփի բլեֆը չի անցնելու․ վերլուծաբան (video) Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am