Իբր ինքը տեղյակ չէ՞
Պահհոոոո... Փաշինյանը՝ ժողովրդավարական թեթև պաթոսով լցված կոչ արեց մարդկանց նամակներ գրել իրեն, եթե հանկարծ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրենց նկատմամբ ճնշումներ գործադրվեն։
Իրականում տպավորություն է, որ ինքը «ձեռ ա առում» մարդկանց, կամ սա թավշյա տրոլինգի մի նոր ձև է։
Լո՞ւրջ։ Ընտրությունների ժամանակ տեղի ունեցող խախտումների մասին բողոքներ գրել խորհրդարանական ամենախայտառակ ու ձախողված ընտրությունների հեղինակի՞ն՝ ՏԻՄ ընտրությունների խախտումների վերաբերյալ։ Իբր ինքը տեղյակ չէ՞, որ երկրում հենց իր կողմից հաստատված կարգեր են գործում, երբ մարդկանց բարոյապես ոչնչացնում են, սնանկացնում, աշխատանքից ազատում, բանտեր նետում և ռեպրեսիաներով սպառնում միայն այն պատճառով, որ նրանք համակրում են ընդդիմությանը։
Իսկ ո՞վ էր ընտրությունների ժամանակ մարդկանց նկատմամբ համատարած ճնշումներ գործադրում՝ ժողովրդին պատերազմով, իսկ քաղաքական ընդդիմախոսներին՝ ռեպրեսիաներով սպառնալով։ Ո՞վ էր մարդկանց վրա ճնշում գործադրելու բացարձակապես բոլոր սոցիալական, քաղաքական, իրավական մեթոդներն օգտագործում։
Ո՞վ զրկեց շուրջ 3 հազար մարդու ընտրելու իրավունքից՝ չեղարկելով մի շարք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները։ Ո՞վ փաստացի գողացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 60 հազար ձայնը։ Ո՞վ լցրեց բանտերը քաղաքական ընդդիմախոսներով։
Ընդդիմության առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներ, օրինակ՝ Անդրանիկ Թևանյանի, Խաչիկ Գալստյանի և շատ- շատ ուրիշների ձերբակալություններն ու հետապնդումները դրա դասագրքային օրինակն են։
Ո՞վ հազարավոր մարդկանց թողեց առանց աշխատանքի միայն այն պատճառով, որ նրանք, օրինակ, աշխատում էին «Մուլտի Գրուպ» կոնցեռնում։ Թե՞ Փաշինյանը տեղյակ չէ, որ մարդկանց աշխատանքից ազատում են իրենց քաղաքական հայացքների պատճառով։
Դուք լո՞ւրջ եք։
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մարդկանց ամեն օր ծաղրում ու նվաստացնում են։ Ամեն օր Փաշինյանն ու նրա թիմը լկտիաբար, ցինիկաբար և առանց որևէ բան թաքցնելու ծաղրում են մեզ։ Երկիրը վերածել են քաղաքական ծաղրանկարի և բացահայտ ծաղրում են մարդկանց։
Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ ռեպրեսիաները դարձել են կառավարման գործիք։ Եվ այս ամենի վերջնական նպատակը մեր Հայրենիքի վերաձևավորումն է՝ այն վերածելու թուրքական «проходной двор» -ի հեռանկարով, որի անխուսափելի հետևանքը դառնալու է Հայաստանի՝ այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» վերածումը։
Արման Աբովյան
