Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մամուշյան փողոցում՝ տպարանի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել նախկին շրջկոպի պահեստի չշահագործվող շինության ներսում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, և պարզվում են հանգամանքները։
