Պատասխանատու հանքարդյունաբերողը չպետք է սահմանափակվի իրենից ակնկալիքներով․ ԶՊՄԿ փոխտնօրեն (video)
«Mining Armenia» ֆորումի ընթացքում անդրադարձ է կատարվել հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) չափանիշների կիրառմանը։
Ելույթի ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է բնապահպանական և սոցիալական խնդիրների վրա, մինչդեռ միջազգային ներդրողներն ու ֆինանսական կառույցները առաջնահերթ կարևորություն են տալիս կառավարման որակին։ Ըստ բանախոսի՝ վատ կառավարումը կարող է պատճառ դառնալ, որ ներդրողները հրաժարվեն ծրագրի ֆինանսավորումից։
Պատասխանատու հանքարդյունաբերության հիմնական չափանիշներից առանձնացվել են պոչամբարների անվտանգությունը, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, արտանետումների վերահսկողությունը և համայնքների հետ հարաբերությունները։
Շեշտվել է նաև, որ պատասխանատու հանքարդյունաբերողը չպետք է սահմանափակվի միայն օրենսդրական պահանջների կատարմամբ, այլ պետք է լրացուցիչ նախաձեռնություններով նպաստի ոլորտի նկատմամբ հանրային և ներդրումային վստահության բարձրացմանը։
