Բավական բարդ էր նոր անկախացած Արցախը թողնելու և Հայաստան գալու որոշումը կայացնելը.Բելլա Քոչարյան

«Առավոտյան սուրճ» նախագծի հյուրն առաջին անգամ է, որ կին է: Գուցե անբնական է, որ հաղորդման ստեղծման պահից մինչ օրս գեղեցիկ սեռի ներկայացուցիչ դեռ չէր հյուրընկալվել մեզ, բայց նաև օրինաչափ է, որ հենց մոտեցող գարնանային առաջին տոնի՝ մարտի 8-ի առիթով ենք կին գործչի հետ հանդիպում: «Առավոտյան սուրճի» հյուրն այս անգամ տիկին Բելլա Քոչարյանն է: Իզաբելլա Հովհաննիսյանի ու Անուշ Թորոսյանի զրույցը նրա հետ թե անձամբ տիկին Քոչարյանի գործունեությանն ու նախասիրություններին, անցյալին ու ապագայի ծրագրերին է վերաբերում, և թե Քոչարյանների ընտանիքին՝ առհասարակ:

yerevan.today-ը ներկայացնում է  Բելլա Քոչարյանի հետ հարցազրույցի տեքստը՝ որոշ կրճատումներով:

-Տիկին Քոչարյան, Դուք հազվադեպ եք հարցազրույց տալիս, կուզենայինք նախ և առաջ շնորհակալություն հայտնել հարցազրույցին համաձայնություն տալու համար, մեր խմբագրության անունից շնորհավորել Ձեզ Մարտի 8-ի առթիվ և ամենայն բարիք մաղթել:

- Շնորհակալություն, ես ևս կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ հրավերի համար: Պետք է ասել, որ մի քանի հաղորդում նայել եմ «Առավոտյան սուրճ»-ի, կարծում եմ՝ մթնոլորտը շատ ջերմ է և տրամադրում է անկեղծ զրույցի: Ես Ձեզ էլ եմ շնորհավորում: Շուտով մարտի 8-ն է, այդ գեղեցիկ գարնանային տոնը, ուզում եմ՝ դուք բախտավոր լինեք, և թող իրականանան ձեր բոլոր ցանկությունները:

-Մեզ հետաքրքրում է՝ ինչո՞վ է այսօր զբաղվում Բելլա Քոչարյանը: Ինչպիսի՞ն է Ձեր աշխատանքային առօրյան, և ինչպիսի՞ն է ժամանցը:

-Տարիներ շարունակ ես երկու ֆոնդով եմ զբաղված, ներգրավված եմ նրանց աշխատանքներին: Առաջինը Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցման ֆոնդն է, որը գործում է 2000 թվականից և փորձում է օգնության ձեռք մեկնել այն երեխաներին և ընտանիքներին, որոնք ինչ-ինչ պատճառներով հայտնվել են փողոցում, խնամքից դուրս կամ կոնֆլիկտային վիճակում են իրենց ընտանիքների հետ: Կենտրոնի հետ աշխատում են մասնագետներ՝ բժիշկներ, հոգեբաններ, ուսուցիչներ, որոնք աշխատում են ընտանիքների հետ: Հիմնականում այդ ընտանիքների կազմում միայն մայրն է լինում, շատերի հայրերը թողել են հայրենիքը աշխատանքի համար, և խեղճ կանայք չգիտեն՝ ինչ անեն, ինչ կերպ աշխատեն, որ վաստակեն իրենց մի կտոր հացը, և հաճախ երեխաները հայտնվում են փողոցում: Ցավոք, Հայաստանում այդպիսի երեխաների և ընտանիքների թիվը մեծ է, և կենտրոնի ներքին ուժերով հնարավոր չէ այդ հարցերը կարգի բերել, գուցեև այդ պատճառով 2007 թվականին ստեղծվեց կենտրոնին կից Բարեկամների խորհուրդը, որի նախագահը ես եմ: Կենտրոնի շուրջը միավորվել են այնպիսի մարդիկ, որոնց համար յուրաքանչյուր երեխայի ճակատագիրը շատ կարևոր է: Մեզ նման փոքր ազգերի համար յուրաքանչյուրի կյանքը, առօրյան և ապագան շատ կարևոր են: Տարին մի քանի անգամ մենք հավաքվում ենք, քննարկում այս հարցերը, տնօրինությունը իր զեկույցն է ներկայացնում, մենք փորձում ենք ինչ-որ կերպ օգնել կենտրոնի աշխատանքներին: Երկրորդ ֆոնդը «Ոսկրածուծի դոնորների համահայկական ռեեստր»-ն է, որը ստեղծվել է 1999 թվականին, ես ներկա էի բացմանը: Ռեեստրը նպատակ ունի օգնել այն հիվանդներին, ովքեր տառապում են լեյկեմիայով, արյան այլ հիվանդություններ ունեն, կենտրոնն ունի հրաշալի լաբորատորիա, որի նմանը չկա ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Այնպիսի հետազոտություններ են կատարվել լաբորատորիայում, որ Եվրոպական իմունոգենետիկ ասամբլեայի կողմից այն մտել է միջազգային ռեեստրի ցանկի մեջ: Օրեր առաջ, գուցե՝ մեկ ամիս առաջ, Ավստրալիայի ազգային ռեեստրը դիմել է հայկական ռեեստրին, որովհետև այնտեղ հայտնաբերեցին ազգությամբ հայ մի հիվանդի, իմանալով, որ հիվանդը հայ է, որ Հայաստանն ունի այդ ռեեստրը, դիմեցին ռեեստրին, և միանգամից գտնվեց դոնոր: Փետրվարի 9-ին լաբորատորիայում այդ հետազոտությունները կատարվեցին, հավաքվեցին ցողունային բջիջները, և ստանդարտ ձևով այդ ամենն ուղարկվեց Ավստրալիա: Մարտի 9-ին դարձյալ նախատեսվում է ցողունային բջիջներ հավաքել, այս անգամ հիվանդը գտնվում է Իսրայելում, դոնորը դարձյալ հայտնաբերվել է Հայաստանում: Նա սիրով կտրամադրի իր բջիջները: Այսպիսով՝ ռեեստրը շատ օգտակար է: Ես կարծում եմ՝ ժամանակակից աշխարհում բժշկությունը չի կարող զարգանալ առանց նման կառույցների, նման ռեեստրների: Գիտե՞ք՝ ինչն էր նաև պատճառը, որ ստեղծվեց նման ռեեստր: Հայերն ունեն յուրահատուկ գենետիկ կառուցվածք, հային հայը կարող է օգնել, առաջին հերթին՝ բարեկամները, հետո ավելի հեռու պետք է փնտրել: Այս առումով՝ կարծում եմ՝ պետք է հպարտանանք, որ մեր ազգն ունի նման ռեեստր: Դա համապատասխանում է ժամանակակից բժշկությանը: Արդեն մոտ 17 տարի է՝ ես ռեեստրի հետ եմ: Ընդհանրապես կարծում եմ՝ յուրաքանչյուր կայացած պրոյեկտ պետք է շարունակական լինի: Դա իմ կրեդոներից մեկն է:

- Փաստորեն, կարելի է ենթադրել, որ շարունակում եք այն ծրագրերը, որոնք սկսել էիք իրականացնել որպես առաջին տիկին: Պատկերացնում եմ, թե որքան հետաքրքիր մարդկանց ու ինչպիսի հրաշալի երեխաների հետ եք շփվում:

-Դուք իրավացի եք: Չեք պատկերացնում՝ ինչ վիճակում են այդ երեխաները գալիս՝ հուսահատված, լքված, փոքր երեխաներից՝ աղջիկներից շատերը՝ բռնաբարված, ինչ աշխատանք է տարվում իրենց հետ, նրանք վերականգնվում են, այնպիսի համերգներ են տալիս, այնպիսի բանաստեղծություններ են արտասանում, ինչ շնորհքով երեխաներ են: Կենտրոնը մի ֆիլմ է նկարահանել, որտեղ երեխաներն իրենք են խոսում, իրենք են պատմում՝ ինչպես եկան, ինչ վիճակով, մամայի մասին, ընտանիքի մասին, ինչ փոփոխություն ունեցան այդ կենտրոնում: Նույնիսկ ասում են՝ այ, որ մեծանամ, կդառնամ այս, կդառնամ այն, ուրեմն՝ նրանք տեսնում են իրենց ապագան:

-Տիկին Քոչարյան, իսկ ամբողջությամբ կարողանու՞մ են վերականգնվել, ասում եք՝ շատ ծանր դեպքեր են լինում, և հետագայում, եթե կարիք է լինում, այդ երեխաների հետ աշխատանք տարվու՞մ է: Ի՞նչ վիճակագրություն կա:

- Այո, ու գիտե՞ք՝ կենտրոնին կից այդ Բարեկամների խորհրդի անդամները երաժիշտներ են, հանրապետությունում հայտնի մարդիկ, մասնագետներ, և շատերը հրավիրում են իրենց երգելու, սովորելու, փորձում ենք երեխաներին տալ ինչ-որ մասնագիտություն, որովհետև հիմնականում նման կառույցներում երեխաները մնում են մինչև 18 տարեկան, ու երբ մտնում են մեծ աշխարհ, հաճախ անպաշտպան են լինում, և պետք է հոգալ իրենց ապագայի մասին:

- Տիկին Քոչարյան, խոսեցինք Ձեր աշխատանքային գործունեության մասին, կուզեինք մի փոքր անդրադառնալ նաև ժամանցին: Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր ժամանցը, գուցե ասեք՝ վերջում ի՞նչ հետաքրքիր գիրք եք կարդացել կամ ի՞նչ ֆիլմ եք դիտել:

-Ազատ ժամանակը հիմնականում անցնում է ընտանիքիս, թոռնիկներիս հետ, բայց դրա հետ միասին փորձում եմ ընթերցել, լավ ֆիլմեր դիտել: Վերջին գիրքը Գրեգորի Ռոբերթսի գիրքն է, հրաշալի գիրք է, վերջին ֆիլմը, որ դիտել եմ, և որ շատ տպավորել է, «Լրտեսական կամուրջ»-ն է՝ Թոմ Հենքսի մասնակցությամբ: Փորձում եմ նոր լեզուներ սովորել, օրինակ՝ ֆրանսերեն: Հիմա ես անգլերենով եմ ավելի զբաղված, ուզում եմ շտկել անգլերենս, որովհետև ժամանակակից աշխարհում շատ կարևոր է և հետաքրքիր, ինչու՞ ոչ՝ հիշողությունն է լավ զարգացնում:

-Ժամանակին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց գյումրեցի փոքրիկը, ով շտապ վիրահատության կարիք ուներ, և ում Դուք օգնեցիք: Աղջնակին կոչեցին Ձեր անունով: Կարծեմ Բելլա Մոսվսիսյանի հետ մինչև հիմա էլ հանդիպում եք, բարեկամություն եք անում, կպատմե՞ք մի քիչ այդ մասին:

-Մենք երևի ժամանակին հայտնվեցինք այդտեղ: Ուզում էինք ուսումնասիրել՝ ինչպե՞ս է ընդհանրապես բուժումը կատարվում: Ինձ հետ էր նաև առողջապահության այն ժամանակվա նախարարը: Ինձ ասացին, որ մի երեխա կա, ով խնդիրներով է ծնվել, և  երևի, եթե Երևանից օգնություն չգա, երեխան կմահանա: Միանգամից նախարարը զանգեց Երևան: Փոքրիկին, այն ժամանակ դեռ Բելոչկա չէր, հասցրին Երևան, կատարվեց վիրահատությունը, և այսօր Բելոչկան առողջ է: Ամեն տարի մենք հանդիպում ենք, մի հրաշք երեխա է, գեղեցկուհի, հայկական վառ աչքերով, թուշիկները կարմիր: Ես հպարտ եմ, որ Աստված մեզ այդ պահին ուղարկեց:

- Տիկին Քոչարյան, թեև շատ հետաքրքիր զրույց է ընթանում ներկայի ու ապագայի մասին, սակայն կուզեինք խոսել նաև անցյալի մասին, քանի որ ոչինչ չգիտենք Ձեր հայրական ընտանիքի մասին: Մանկության հուշերից մի փոքր կպատմե՞ք:

- Ես երեք քույր ունեմ: Մենք հանդիպելիս միշտ զրուցում ենք, հիշում մեր ծնողներին: Իրոք հրաշալի ծնողներ ենք ունեցել, հիշում ենք նրանց, արտահայտությունները, նույնիսկ մեր երեխաներն են հիշում՝ պապիկն այսպես ասաց, տատիկն այսպես ասաց, շատ հաճելի է լինում: Կարծում եմ՝ մարդու բնավորության հիմնական գծերը ձևավորվում են հենց մանկության տարիներին: Ես շնորհակալ եմ իմ ծնողներին, որ սերմանել են այն լավ բաները, որ իմ մեջ կան: Կցանկանայի, որ նույն կերպ հետագայում մեզ հիշեն մեր զավակները: Դա ամենաբարձր գնահատականը կլինի մեզ համար:

-1997թ. տեղափոխվեցիք Հայաստան: Նախագահ Քոչարյանը մի հարցազրույցում նշել է, որ բավական բարդ էր նոր անկախացած Արցախը թողնելու և Հայաստան գալու, երկրի փլուզված տնտեսությամբ զբաղվելու որոշում կայացնելը: Բայց սա, այսպես ասենք, տղամարդ քաղաքական գործչի տեսանկյուն է: Ինչպիսի՞ն էր կնոջ հոգեվիճակն այդ պահին, երեխաներն ի՞նչ հույզեր ունեին:

- Իրոք, շատ դժվար պահեր էին, անկեղծ ասած: Դժվար է՝ արդեն ամրացած, ձևավորված… չէ՞ որ Արցախը մեր պապական տունն է, Ստեփանակերտում մենք ծնվել ենք, մեծացել, դպրոց գնացել, ամուսնացել, երեխաներ ունեցել, և հանկարծ՝ այդ ամենը պետք է թողնել, որովհետև կարևոր է: Շատ դժվար էր՝ ինձ համար, երեխաների համար, բայց մենք ընտանիքով հաղթահարեցինք այդ բարիերը: Հիմա ես Երևանը նույն չափով սիրում եմ, գուցե՝ որովհետև իմ ուսանողական տարիներն անցել են Երևանում, այն շատ հարազատ է մեզ համար, բայց Ղարաբաղը մենք չենք մոռանում, տարին մեկ-երկու անգամ այցելում ենք անպայման:

- Պարտավորեցնող բան է լինել երկրի առաջին տիկինը, մշտապես հանրության ուշադրության կենտրոնում: Պատկերացնում եմ՝ ինչ նոր ծանոթություններ, նոր տպավորություններ եղան այդ տարիներին: Կուզեինք իմանալ՝ նոր կարգավիճակին հե՞շտ եղավ հարմարվելը, թեպետ ասացիք, որ ուսանողական տարիներն այստեղ են անցել:

-Գիտեք, ոչ թե Երևանը խորթ էր ինձ համար, այլ իրավիճակը, ստատուսը… մի քիչ շփոթված էի ես, ոչ մեկին չես ճանաչում, այդ փորձը չկա: Ղարաբաղում պատերազմի ժամանակ առաջին տիկնոջ դերը այդքան կայացած, այդքան ընդգծված չէր: Փորձեցի քիչ-քիչ, փոքրիկ քայլերով ուսումնասիրել, չգիտեմ՝ ստացվե՞ց, թե՞ ոչ, դա ես չէ, որ պիտի ասեմ: Հիշում եմ՝ երբ 2002-ին, թե 2003-ին Իրինա Զայցևան ինտերվյու էր վերցնում, այդ ֆիլմը հիշու՞մ եք՝ «Герой дня без галстука»` առանց փողկապի, նա հարցրեց՝ Դուք ընդունվա՞ծ եք: Ես ասացի՝ գիտեք, չեմ կարող ասել, բայց երբ հայ կանայք ինձ ընդունեն, ես կհամարեմ, որ ինչ-որ ձևով կայացած եմ:

-Նաև շփվում էիք այլ երկրների առաջին տիկնանց հետ:

- Իհարկե, շփումներ կային: Շատ ջերմ շփումներ էին Ռուսաստանի առաջին տիկնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի հետ: Մենք ունեինք ընդհանուր ծրագրեր: Լյուդմիլա Պուտիանան  «Библи Образ»  պրոյեկտն ուներ: Այդ պրոյեկտը նվիրված էր գրադարաններին: Մենք ուսումնասիրեցինք, թե ինչ վիճակում են մեր երկրում գրադարանները: Երևանում երկու անգամ կայացան օլիմպիադաներ՝ նվիրված ռուսաց լեզվին:

-Այդ հարաբերությունները զուտ  արարողակարգայի՞ն էին, թե՞ ստացվում էր նաև ընկերանալ, մտերմանալ: Ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմեք:

-Սկզբից սկսվում է որպես արարողակարգային, հետո, աշխատանքային ոճը, եթե համընկնում է, շարունակվում է: Նույնը կատարվեց Լեհաստանի առաջին տիկնոջ հետ, շատ մտերիմ էինք: 2000 թվականին Վարշավայում կայացավ մի շատ մեծ միջոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության 10-ամյակին: Հրավիրված էին առաջին տիկինները, և նույնիսկ երեք թագուհիներ կային՝ Իսպանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագուհիները: Ես ելույթ ունեցա, պատմեցի, թե ինչ վիճակում է երեխաների պաշտպանությունը Հայաստանում: Հետո կայացավ գալա համերգ Վարշավայի օպերային թատրոնում: Ինձ ասել էին՝ յուրաքանչյուր առաջին տիկին պետք է մի շնորհալի մանուկի հետ մասնակցի համերգին: Ինձ հետ եկավ Սիրուշոն: Ես չէի ճանաչում Սիրուշոյին, նա 13 տարեկան էր: Նա շատ հրաշալի ելույթ ունեցավ, երգեց «Հայաստան» երգը, և նույնիսկ Իսպանիայի թագուհին մոտեցավ, ասաց՝ ինչ հրաշալի մանուկ է, և ինչ գեղեցիկ երգ է: Ես Լևոնից առաջ ընկա, ավելի շուտ ծանոթացա Սիրուշոյի հետ: Բերնադետ Շիրակի հետ էլի շատ լավ հարաբերություններ ունեցանք: Միասին մասնակցեցինք Շառլ Ազնավուրի համերգին: Նաինա Ելցինայի հետ նույնպես: Մենք հրավիրեցինք Ելցինների ընտանիքին, երբ արդեն Ելցինը նախագահ չէր, և շատ դրական տպավորություն թողեց Նաինա Ելցինան՝ իր համեստությամբ, իր պահվածքով, իսկական առաջին տիկին էր:

-Տիկին Քոչարյան, իսկ կարելի՞ է իմանալ՝ ինչպիսի՞ն է Ռոբերտ Քոչարյանը տանը: Մենք սովոր ենք տեսնել երկրորդ նախագահին պետական գործչի կարգավիճակում կամ մարզվելիս, դահուկ վարելիս: Բայց ինչպիսի՞ն է ընտանիքում՝ չգիտենք:

-Սովորական հայ տղամարդ է տանը: Լավ ամուսին է, լավ հայր է, շատ լավ պապիկ է: Իմ զավակները սիրում են զրուցել իր հետ, որովհետև ինքը լավ խորհուրդներ է տալիս: Շատ համեստ է, շատ նորմալ տղամարդ է:

Խի՞ստ է բնավորությամբ:

-Չէ, բայց պահեր կան, որ երևի պետք է լինել խիստ: Բայց ավելի մեղմ է, քանի որ կարիք չկա հրամաններ տալ, հետևել աշխատանքներին:

- Երեք զավակ ունեք, չորս թոռ՝ երեք աղջիկ և մեկ տղա: Ձեր թոռների դաստիարակությամբ հասցնու՞մ եք զբաղվել: Կամ ավելի ընդարձակենք հարցը. ըստ Ձեզ՝ մեր փոփոխվող աշխարհում ի՞նչը պետք է դրված լինի երեխաների դաստիարակության հիմքում:

-Շատ գրքեր կան, մասնագետներ կան, որոնք զբաղվում են այդ հարցերով: Բայց կարծում եմ՝ լավագույնը քո սեփական օրինակն է ընտանիքում, քո պահվածքը, որովհետև երեխաները շատ զգայուն են: Նրանք զգում են այդ կեղծը: Եվ իրենք, որ անկեղծ են, ուզում են, որ իրենց հետ էլ  անկեղծ լինես: Ես կարծում եմ, որ շատ կարևոր է՝ քո խոսքը և գործը իրար հետ համընկնի: Թե չէ՝ կարող է՝ մի բան ասես, բայց չանես, երեխան տեսնում է: Երեխայի հիմքը ընտանիքում է դրվում, և պետք չէ խուսափել նկատողություն անել, բայց՝ լավ ձևով: Բայց դաստիարակությունը այն չէ, որ նստեցնես, ասես՝ սա ճիշտ է, սա վատ է, դու եթե օրինակ չես՝ չի լինի:

- Մի ավանդական հայկական հարց պետք է տանք սկեսուրին, կեսկատակ կեսլուրջ. գո՞հ եք հարսներից:

- Այո, շատ գոհ եմ: Եվ Զառան, և Սիրուշոն շատ կազմակերպված, շատ կիրթ, ժամանակակից և շատ հարգանքով դեպի մեզ երիտասարդ կանայք են: Շատ ճիշտ են իրենք դաստիարակվել: Դրա հետ միասին շատ ժամանակակից են և ամբիցիաներ ունեն յուրքանչյուրն իր բնագավառում: Ուզում են ձգտել բարձունքների: Բայց առաջնայինը իրենց համար ընտանիքն է, իրենց ամուսինները, երեխաները և մեր մեծ ընտանիքը: Բայց պետք է ասեմ, ես նաև փեսա ունեմ: Գայանեի ամուսինը, չե՞ք ուզում իմանալ զոքանչ-փեսայի հարաբերությունները: Վիգենը նույնպես շատ կիրթ, կազմակերպված և լավ դաստիարակված երիտասարդ տղամարդ է: Եվ ես շատ շնորհակալ եմ իմ հարսների և փեսայի ծնողներին, որոնք շատ ճիշտ են դաստիարակել իրենց երեխաներին:

- Նաև խոսենք կնոջ դերի մասին: Այսօր սեռերի հավասարության  ժամանակաշրջանում այս հարցի վերաբերյալ տարատեսակ կարծիքներ կան: Եվ ասում են կինն ու տղամարդը պետք է հավասար դիրքերում լինեն, մյուս կողմից նորից կարծիքներ են հնչում, թե պետք է կանանց ընդհանրապես մեկուսացնել հասարակական ու քաղաքական կյանքից, զրկել որոշ իրավունքներից: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է հայ կնոջ դերը ժամանակակից հասարակության մեջ:

-Բնության մեջ հավասարություն չկա: Եվ ես կարծում եմ, որ լիովին հավասարություն չկա նաև կնոջ և տղամարդու միջև: Բայց տեսնելով, ինչ ճանապարհ են անցել կանայք, որպեսզի ստանան իրենց անկախությունը՝ ես շատ հպարտ եմ: Բայց մենք չպետք է մոռանանք յուրաքանչյուր ազգին բնորոշ հատկությունները: Մեր ազգը, հասարակությունը չի սիրում, երբ կինը չափից դուրս ակտիվ է: Ինքնավստահությունը լավ բան է, բայց այդ ակտիվությունը չի ընդունվում մեր հասարակության կողմից: Եվ հաճախ այդ շատ ակտիվ կանայք կորցնում են իրենց կանացիությունը, և այդ ակտիվությունը հաճախ խանգարում է իրենց ամուսիններին: Նրանք ոչ թե բարձրացնում են, ընդհակառակը՝ ցածրացնում են ամուսինների դերը, մանավանդ, եթե ամուսինը դիրք ունի հասարակության մեջ: Իմ կարծիքով՝ ամեն ինչ պետք է լինի չափի մեջ, և յուրաքանչյուր կին պետք է իմանա իր տարածքը, որ դրանից հետո պետք չէ շատ ակտիվություն ցույց տալ:

-Տիկին Քոչարյան, իսկ չե՞ք կարծում, որ այդ ակտիվությունը նրանից է գալիս, որ հիմա  կանայք  ավելի հեշտ են աշխատանք գտնում, ավելի բարձր աշխատավարձ են ստանում: Կարելի է ասել՝ կնոջ դերն էլ մի փոքր փոխվել է, անկախացել են:

-Միշտ չէ, որ այդ կարգի կանայք են լինում շատ ակտիվ: Կան կանայք, որ, օգտագործելով իրենց ստատուսը, փորձում են առաջ ընկնել:Կարծում եմ՝ պետք չէ մրցակցել ամուսնու հետ: Իմ ձևակերպումը այսպես է՝ լինել չափի մեջ:

- Եվ վերջում, տիկին Քոչարյան, վերստին շնորհավորելով կանանց միջազգային տոնի կապակցությամբ, կուզենայինք լսել Ձեր շնորհավորանքները մեր այցելուներին:

-Ես սրտանց շնորհավորում եմ բոլոր կանանց այս գեղեցիկ տոնի առիթով: Գիտեմ, որ յուրքանչյուր կնոջ սրտի խորքերում կան ցանկություններ, և թող իրականան այդ ցանկությունները: Ուզում եմ դիմել նաև տղամարդկանց, կոչ անել որ նրանք լինեն ավելի ջերմ, ավելի ուշադիր, չէ՞ որ յուրաքանչյուր կին իր ամուսնու լավագույն ընկերն է: Ձեզ էլ եմ շնորհավորում:
   

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ 44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 20 օր է՝ Թրամփի գործերը լավ չեն․ Հայաստանի կառավարիչ կոչվող խեղկատակը նրա անունը չի տալիս․ Հակոբյան Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ. Դավիթ Մինասյանի դասընկեր Ես վախենում եմ մտածել, թե ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո. «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի մասնակից Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներ Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am