«Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան
Քաղաքագտ Հակոբ Բադալյանը գրում է. «ԱԺ փոխնախագահ, Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ պետք է արցախցիների բնակարանային խնդիրը լուծվի արտաքին վարկ վերցնելով։ Ինչպես հայտնի է, անցյալ տարի այդ նպատակով 250 միլիոնի կարգի վարկ վերցրած կառավարությունը՝ խոսքը դոլարի մասին է, ներկայումս պատրաստվում է եւս այդքան պարտք վերցնել՝ արցախցիների բնակարանային ծրագրի անվան տակ։
Բնականաբար առաջանում է հարց, թե ինչո՞ւ արտաքին վարկով, եթե օրինակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Հայաստանի ՀՆԱ կրկնապատկվելու, թե եռապատկվելու մասին, եթե հայտարարում է բյուջեի՝ 135 տոկոս ավելանալու մասին, 2018–ի համեմատ։ Եվ էլի, տնտեսական «հրաշքի» դրսեւորումների մասին, որ ներկայացվում է պատեհ ու անպատեհ առիթներով։
Ավելին, Նիկոլ Փաշինյանը գերադասում էր իբրեւ իր նվիրվածության ցուցիչ հայտարարել, թե Հայաստանի ոչ մի կառավարություն Արցախին երբեք չի տվել տարեկան այնքան փող, որքան իր կառավարությունը։ Դե, հիմա այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին։ Կամ, առհասարակ ինչպե՞ս է գնահատվել այդ կարիքն ու ֆինանսական ծավալը։ Չկա՞ն ուռճացումներ։ Առանձին հարց է արցախցի մեր հայրենակիցների համար այդ ծրագրերի հասանելիությունն ու նախընտրելիությունը։ Այլապես, մոտ 30 հազար ընտանիքից, այսօր ինչո՞ւ պետք է ծրագրից օգտված լինեին միայն մոտ 4 հազար, իսկ առհասարակ սերտիֆիկատ ստացած պետք է լիներ՝ ընդամենը մոտ 6000 հազարը։
Թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար, որովհետեւ շատ դժվար է իհարկե ընդդիմախոսել այդ կարեւորագույն խնդրի համար վարկ ներգրավելու դեմ։ Դե, իսկ հետո ավելի լավ՝ եթե օգտվողները լինեն քիչ։ Փողը հնարավոր կլինի ծախսել այլ նպատակների համար էլ։ Ձեւ միշտ էլ կգտնվի։
Բայց, գլխավորը, որ կա Վարդեւանյանի հարցադրման առիթով․ ինչո՞ւ վարկով։ Որովհետեւ, արցախցիների կարիքները հոգալու փողը առատորեն խոստացել է թերեւս արցախահայությանը Հայաստան «տեղափոխելու» գաղափարի գլխավոր «մոդերատորը» եւ «գաղափարախոսը»՝ տխրահռչակ Շարլ Միշելը։ «Գաղափարն» իրականացված է, իսկ Միշելը՝ չկա։ Նա թերեւս լիուլի ստացել է այդ «գաղափարի» այսպես ասած «բարեհաջող» իրականացման իր վարձքը, իսկ ահա խոստացված փողը՝ արցախահայերի կարիքները, այդ թվում բնակարանային կարիքները բավարարելու համար, չկա։ Եվրոպացիներն ու ամերիկացիները ըստ էության տվել են «փշուրներ»։ Բայց, փոխարենը վարչապետ Փաշինյանին տալիս են լիուլի «խաղաղության մրցանակներ», եւ իհարկե վարկ»:
