Մարդու վրա որ շատ աչքեր են լինում, փորձանքների է հանդիպում․ Սուրիկ Խաչատրյանի որդի
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ այսօր Եռաբլուր էին այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, «Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ Մանվել Գրիգորյանն ու մյուս անդամները և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ: Եռաբլուրում էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որը չնայած բանակում չի ծառայել, սակայն Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է, ամիսներ առաջ էլ պարգևատրվել է ԵԿՄ հուշամեդալով: Մարդու վրա որ շատ աչքեր են լինում, մարդը փորձանքների է հանդիպում։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե քրեական դեպքերին իր մասնակցությունն ինչպես է անդրադառնում իր եւ իր մարզպետ հայրիկի հեղինակության վրա։ Հարցին, թե ում աչքերը նկատի ունի՝ պաշտոնատար անձա՞նց, գորիսեցիների՞, նա պատասխանեց․ «Վատ մարդկանց, է՜, ինչ իմանամ՝ ովքեր են վատ մարդիկ»։ Դիտարկմանը, թե «Սդղի գյոլի» ծեծկռտո՞ւքն էլ էր վատ աչքերի հետեւանք, Տիգրան Խաչատրյանը նախընտրեց անպատասխան թողնել հարցը։
