2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել են
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայր, որպեսզի դատավորը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Հրազդան քաղաքի բնակիչներ Գարիկ Հակոբյանի, ով ավելի շատ հայտնի է Լունայի Գարիկ մականունով, և Բենո Սարգսյանի նկատմամբ։
Այս երկու «ճիվաղները» կասկածվում են հոկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Քաղսի բնակավայրում ինքնաձիգից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ, ովքեր այնուհետև ռուսական համարանիշներով «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով դիմել էին փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղվարդի դատարանի նստավայրում դատարանի նախագահ Գեղամ Մարգարյանի կողմից դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և ստահակները դատարանից տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան բանտ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատարանը նաև կայացրել է խիստ որոշում՝ սահմանափակելով ցանկացած շփում, այցելություն, հեռախոսային զանգ, հեռախոսից օգտվելու հնարավորություն։Ֆոտոլրագրողի տեղեկություններով հայտնաբերվել է նաև «Hyundai»-ն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 5-ին տեղեկություն էինք հրապարակել Կոտայքի մարզում հնչած կրակոցների փաստով, որի ժամանակ վիրավորում էին ստացել ծառայություն կատարող՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2 պարեկները, ովքեր տեղափոխվել էին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը։
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այն տեղի էր ունեցել Քաղսի գյուղում, երբ պարեկները նկատել էին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, որը մանևր էր արել, ինչից հետո պարեկը հրահանգել էր, որպեսզի նա կանգնի, սակայն ստահակը ոչ միայն չէր կանգնել, այլ իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ էր արձակել պարեկների ուղղությամբ, ինչից հետո դիմել էին փախուստի, սակայն պարեկներին, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողներին՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի ծառայողներին՝ բաժնի պետ Անի Դանիելյանի, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ կարողանցել էին այդ վարորդին ու նրա հետ եղած ուղևորին հայտնաբերել, վնասազերծել և տեղափոխել ոստիկանություն։
Ահազանգով դեպքի վայր էին ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալներ Աշոտ Մելքումյանի, Սերգեյ Ավագյանի, օրվա պատասխանատու հերթապահ քննիչի և քննչական կոմիտեի փորձաքրեագետի գլխավորությամբ։
Դեպքի վայրում, որը Քաղսի գյուղի արագաչափի և դպրոցի հատվածն էր, քննիչները հայտնաբերել էին ատրճանակից կրակված 8 պարկուճ, արնանման հետքեր և պարեկների ծառայողական ավտոմեքենայի կոտրված ապակիներ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ ստահակների վարած ռուսական համարանիշներով «Hyundai»-ն հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալներից մեկը Հրազդանում ժամանակին հայտնի ինչ-որ «Լունա» գիշերային ակումբի տերն էր եղել, սակայն տևական ժամանակ է այդ ակումբը չէր գործում։
Կասկածյալները ենթարկվել էին սթափության փորձաքննության, եղել էին ոչ սթափ։ Քննիչի որոշմամբ նրանցից վերցվել էր նաև արյան նմուշ, քանի որ կային կասկածներ, որ հնարավոր է՝ նրանք թմրանյութի ազդեցության տակ եղած լինեին։
