Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. Չո Հյոնի
Հարավային Կորեան Ուկրաինայից հաղորդագրություն է ստացել, որում Կիևը ներողություն է խնդրել Սեուլին երկու հյուսիսկորեացի ռազմագերիների փոխանցման մասին տեղեկությունը հրապարակելու համար, սակայն այդ ներողությունը չի համապատասխանել հարավկորեական կողմի ակնկալիքներին։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյոնին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտնել էր Ռուսաստանի կողմից կռված և Ուկրաինայի կողմից գերեվարված հյուսիսկորեացի զինվորներին Հարավային Կորեային փոխանցելու մասին՝ զայրացնելով Սեուլին, որը պնդում էր, որ այդ քայլը պետք է գաղտնի մնար։ Այնուհետև Զելենսկու խորհրդական Դմիտրի Լիտվինը հայտարարել էր, որ տեղեկությունը գաղտնի պահելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել, ինչն ավելի էր զայրացրել Հարավային Կորեային։
«Ես այս հարցի շուրջ մշտական կապի մեջ եմ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ, և նա հայտնել է, թե որքան դժվար է այս իրավիճակը։ Այն հաղորդագրությունները, որ ես ստացել եմ, պարունակում էին ներողություն։ Սակայն այն չի համապատասխանում մեր ակնկալած մակարդակին, ուստի մենք պատրաստվում ենք վճռական քայլեր ձեռնարկել», – հայտարարել է Չո Հյոնը։
Նախարարի խոսքով՝ կառավարությունը քննարկում է հետագա գործողությունների տարբերակները, այդ թվում՝ Ուկրաինայում Հարավային Կորեայի դեսպան Պակ Հի Չանին հետ կանչելու հնարավորությունը։
Չո Հյոնը կրկին ընդգծել է, որ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել հարցը գաղտնի պահել՝ զինվորներին և Հյուսիսային Կորեայում գտնվող նրանց ընտանիքներին պաշտպանելու նպատակով, և նշել է, որ հենց ուկրաինական կողմն է խնդրել թեման հրապարակային չդարձնել։
Սեուլի կողմից պաշտոնական բացատրություն և ներողություն պահանջելուց հետո Սիբիհան խնդիրը որակել էր որպես «դիվանագիտական թյուրիմացություն» և հույս հայտնել, որ այն շուտով կկարգավորվի։
Հոկտեմբերի 2-ին Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը հայտարարել էր, որ Սեուլը «լրացուցիչ միջոցներ» կձեռնարկի, եթե Ուկրաինան հրապարակայնորեն ներողություն չխնդրի հյուսիսկորեացի ռազմագերիների փոխանցման մասին տեղեկությունը միակողմանիորեն հրապարակելու համար։
