Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում
Ներքին գործերի նախարարությունից ասյօր հայտնեցին, որ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են տնային կալանքում գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստվող սպանություն։ 24News-ի տեղեկություններով, այս անձը Արտաշես Չիչոյանն է։
Ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որ խոսքը նույն Արտաշես Չիչոյանի մասին է, որն անցնում է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով, նաև այս տարվա սկզբին Չիչոյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու տեղափոխելու, ինչպես նաև Ալյոնա Եժակովային ապօրինի ազատությունից զրկելու և սպառնալու համար։
Ի՞նչ մեղադրանքներ են առաջադրված Արտաշես Չիչոյանին։
2016 թվականին Արտաշես Չիչոյանը Խ.Կոսյանի, Ա.Նիկողոսյանի, Յու.Հակոբյանի, Ա.Զաքարյանի և ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Ե.Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ապօրինաբար Ե.Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Միևնույն ժամանակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` Ա.Չիտչյանը նույն խմբի կազմում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:
Նշենք, որ այս գործով 10 տարի անց դատավճիռ դեռևս չկա։ Վերջին դատական նիստը նշանակված է եղել այս տարվա սեպտեմբերի 1-ին, որը չի կայացել մեղադրյալ Արտաշես Էդիկի Չիչոյանին չներկայացնելու պատճառով։
Մեկ այլ քրեական վարույթով Արտաշես Չիչոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ակոսափող հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու իրավունք չունեցող անձ, քննությամբ դեռևս չպարզված անձից, չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և ապօրինի պահել ու տեղափոխել է «Բերեւոտա» տեսակի, «մոդ.99 ԶԱ» մոդելի, «IFC60019L» համարի, 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ և նշված ատրճանակից կրակելու համար պիտանի, ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի թվով 7 փամփուշտներ, որոնք 2026 թվականի հունվարի 22-ին իր հետ բերել է Ալյոնա Եժակովայի բնակության հասցե։ Նշված ատրճանակը՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող թվով 7 փամփուշտներով, հայտնաբերվել է 2026 թվականի հունվարի 22-ին նշված բնակարանում կատարված դեպքի վայրի սկզբնական զննությամբ՝ ննջասենյակի հատակից:
Բացի այդ, Արտաշես Չիչոյանը 2025 թվականին ծանոթացել է Ալյոնա Եժակովայի հետ, ինչից հետո վերջիններս սկսել են բնակվել միասին: Շուրջ 3 ամիս համատեղ բնակվելու ընթացքում իր նկատմամբ բռնություն գործադրելու պատճառով Ալյոնա Եժակովան դադարեցրել է իր շփումները Արտաշես Չիչոյանի հետ և տեղափոխվել է և բնակվել միայնակ: Որոշ ժամանակ անց Չիչոյանը Ալյոնա Եժակովային, ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ կողպել է նրա բնակարանի դուռը և բանալին պահել իր մոտ, ինչպես նաև վերցրել, պատռել և իր մոտ է պահել Ալյոնա Եժակովյաի ՌԴ քաղաքացու անձնագիրը: Շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, Արտաշես Չիչոյանը 2026 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 01:00-ից մինչև ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում, իր մոտ ապօրինի պահվող «Բերեւոտա» տեսակի, ատրճանակով սպառնացել է Ալյոնա Եժակովային, նշված ատրճանակի կոթով, ձեռքերով ու ոտքերով, ինչպես նաև տաբատի գոտիով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, բնակարանում գտնվող տոնածառի լույսերով կապել է վերջինիս ձեռքերն ու ոտքերը, Ալյոնա Եժակովային մտցրել նույն բնակարանի ննջասենյակում գտնվող պահարանի մեջ և հագուստի կարմիր ժապավենով կապել պահարանի դռները, այնուհետև հիշյալ ատրճանակը դրել է Ալյոնա Եժակովայի գլխին և ստիպել պառկել իր կողքին՝ տալով սպանության սպառնալիք, որ շարժվելու դեպքում կկրակի:
Մեկ այլ քրեական գործ էլ Չիչոյանի նկատմամբ հարուցվել է 2021 թվականին։ Ըստ մեղադրանքի՝ Արտաշես Չիչոյանը 2020 թվականի փետրվարի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատական նիստերի դահլիճում, որպես ամբաստանյալ մասնակցելով դատաքննությանը, տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանի ելույթի ժամանակ լեզվակռվի մեջ է մտել վերջինիս հետ՝ ուշադրություն չդարձնելով նախագահող դատավորի կողմից լռելու հորդորներին, ինչպես նաև վիճաբանությունը դադարեցնելու վերաբերյալ նախազգուշացումներին, որի ժամանակ մեղադրանքի կողմում հանդես եկող դատավարության մասնակիցների հասցեին հնչեցրել է «կապիկներ» արտահայտությունը՝ նման կերպ վիրավորելով դատավարությանը մասնակցող անձնանց և անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատարանի նկատմամբ, ինչի պատճառով դատարանը կիրառել է դատական սանկցիա և որոշել է ամբաստանյալ Արտաշես Չիչոյանին հայտարարել նախազգուշացում: Այս քրեական գործը միացվել է մեկ այլ քրեական վարույթի, որով անցնում է Չիչոյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանի Դավիթ Բեկ փողոցում կրակոցներ էին հնչել, որի հետևանքով, ըստ իրավապահների, Արտաշես Չիչոյանը ոտքի շրջանում վնասվածք էր ստացել։ Միջադեպից հետո քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այսինքն՝ զենքի գործադրմամբ խուլիգանությունը և ապօրինի զենք կրելը։
Ըստ hraparak.am-ի տեղեկությունների, տնային կալանքում գտնվող Չիչոյանը նախապատրաստել է Դավիթ Բեկ փողոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրեն ոտքից կրակած անձի սպանությունը, ինչը կանխվել է իրավապահների կողմից։
