Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան
Անվտանգության վերլուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը գրում է. «Լավ իմանալ տեսություններ նշանակում է՝ հետևողականորեն պրոֆեսիոնալիզացնել սեփական մտածելակերպը և ձեռք բերել ունալություն կառուցել վերլուծական, պատճառահետևանքային ու տեսականահեն տրամաբանական մատրիցաներ, որոնք հնարավորություն են տալիս տեսնել գործընթադների դինամիկաներ, տենդենցներ, պետությունների ու կառավարող էլիտաների վարքագծային օրինաչափություններ։
Սիստեմատիկ որակյան կրթության ու շարունակական ինքնակրթության խնդիրը հենց դա է․ հավաքել հարուստ տեսական գիտելիք և ավտոմատացնել կոգնիտիվ մակարդակում այդ գիտելիքի կիրառումը ռեալ աշխարհում տեղի ունեցածն ու ունեցողը բացատրելու, բացատրածը գիտելիքահեն հիմնավորման համար։
Այս ամենը տարիների ընթացքում զարգացնում է մասնագիտական ինտուիցիան, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս ավելի հեշտ ու արդյունավետ իրականացնել գիտելիքահեն կանխատեսումներ՝ օրինակ most-likely/less-likely բանաձևերի տրամաբանությամբ։
Բազմաթիվ ու հերթական նման օրինակներից մեկն էլ հենց այս դեպքն է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ռոսատոմի» տնօրենի հետ, և հանկարծ պարզվում է, որ Հայաստանին ոչ թե փոքր մոդուլային, այլ 1 ԳՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ է պետք։ Սա, ի դեպ, շատ թե քիչ պարզ էր դեռ տարիներ առաջ, քանի որ նման պլանավորումն իրականացվում է ոչ թե «հենց այս պահին» ինչ և որքան է պետք տրամաբանությամբ, այլ միջնաժամկետ և երկարաժամկետ պոտենցիալ պահանջարկի հաշվարկով։
Մենք մեր նեղ մասնագիտական խմբով քննարկում ենք այս «նոր սյուրպրիզը» և հասկանում, որ Հայաստանը, նախ, այլևս ժամանակ չունի, և նոր ատոմային էներգաբլոկն արդեն իսկ պետք է նախնական կառուցման փուլում լիներ։
Հասկանալի է նաև, որ ամերիկյան կամ ֆրանսիական մոդուլային ԱԷԿ-ի կառուցման հավանականությունը բավական ցածր է։ Եվ չնայած ռուսների հետ այս հապճեպ պայմանավորվածությունների սկիզբը «գետնի վրա» դեռ քիչ բան է նշանակում, քանի որ ռուսական կողմը՝ հաշվի առնելով իր առկա տեխնոլոգիական և ֆինանսական խնդիրները, հավանաբար ի վիճակի չի լինելու որևէ նոր էներգաբլոկ կառուցել, եկանք այն եզրակացության, որ Հայաստանը մեծ հնարավորություն և թանկարժեք ժամանակ է բաց թողել՝ նոր, մեծ էներգետիկ հզորությամբ էներգաբլոկի կառուցման շուրջ պայմանավորվելու համար Չինաստանի կամ Ճապոնիայի հետ։
Քաղաքական առումով այս երկուսի միջև ընտրությունը բավական ակնհայտ էր՝ հատկապես ռուսական կախվածությունը թուլացնելու տեսանկյունից։ Զուտ տեխնոլոգիական, տեխնիկական և ֆինանսական առումով նույնպես, քանի որ թե՛ Չինաստանը, թե՛ Ճապոնիան այս ոլորտում ակտիվ հետաքրքրություն ունեցող երկրներ են, և հնարավոր էր, որ ոչ միայն ֆինանսավորեին, այլև կառուցեին ատոմակայանը Հայաստանի համար։ Դա կարող էր դառնալ նաև երկկողմ ռազմավարական հարաբերությունների կարևոր և շատ կոնկրետ բովանդակային բաղադրիչ։
Բայց, ինչպես տեսնում ենք, հնարավորությունը բաց է թողնված, իսկ թանկարժեք ժամանակը՝ մսխված։
Մեր փակ խմբով քննարկեցինք նաև այս ֆոնին Ադրբեջանի միջուկային ծրագիրն ու հավակնությունները՝ գալով այն եզրակացության, որ Ադրբեջանի միջուկային ծրագրի հիմնական գործընկերը, ամենայն հավանականությամբ, լինելու է «Ռոսատոմը», սակայն ավելի հավանական է, որ վերջնական գործընկերը հենց Չինաստանը լինի՝ հաշվի առնելով ռուսական կողմի առկա դժվարությունները։
Եվ հո՛պ՝ մեր կանխատեսումը կրկին անգամ ճիշտ էր, ու «Մինվալը» դա քիչ առաջ հաստատեց։
Ասածս ի՞նչ է․ երբ որևէ փորձագետ կամ մասնագետ ներկայացող մարդ ինչ որ արտաքին քաղաքական գործընթացներից կարծիք է արտահայտում, նախ գոնե փորձեք պարզել նրանից թե ո՞ր տեսական դպրոցին է ինքը պատկանում և ի՞նչ անալիտիկ-տեսական գործիքակազմ է կիրռաում իր այդ եզրակացություններին գալու համար»:
