Բախվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը․ «Dodge Dart»-ի անվահեծանը շպրտվել է
Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում, բախվել են 23-ամյա Գոռ Ա․-ի վարած «Dodge Dart» մակնիշի ավտոմեքենան և 54-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Dodge Dart»-ի դիմացի ձախ անվահեծանը պոկվել ու շպրտվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սևակ Մկրտչյանն ու Մխիթար Հարոյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
