Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ
Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Լատվիայի ընտրանու նկատմամբ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնեն Չանչարևիչը, որը երեկ նշել էր ծննդյան 37-ամյակը, խաղից հետո ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում կիսվել է տպավորություններով։
Ծննդյան օրվա ցանկության և խաղի ընթացքի մասին
«Սա իմ ցանկությունն էր, երբ խաղից առաջ փչեցի տորթի մոմը. սա իմ առաջին չոր հաշվով հաղթանակն էր Հայաստանի ազգային հավաքականում։ 90 րոպե վերահսկում էինք խաղը, միայն վերջնամասում մի փոքր նահանջեցինք, ինչը բնական է՝ ֆուտբոլիստները հոգնել էին։ Մրցակիցը կոմպակտ էր ու շատ կարգապահ, ինչ պատճառով բարդ հանդիպում ստացվեց, բայց գտանք երկու գոլ խփելու ճանապարհը, և դա ամենակարևորն է»։
Ինքնավստահության վերականգնման և առաջիկա անելիքների մասին
Խոսելով թիմի ցուցադրած գործողությունների և ապագա ծրագրերի մասին՝ Չանչարևիչը հավելել է.
«Հիանալի խաղ անցկացրեցինք, որը կօգնի վերականգնել մեր ինքնավստահությունը։ Այս խաղում ամեն բան պարզապես հրաշալի էր, հատկապես՝ մեր պրեսինգը. այդ ճնշումից մրցակիցը չէր կարողանում դուրս գալ։ Հուսով եմ՝ Չեռնոգորիայի դեմ ևս լավ կխաղանք, մենք և երկրպագուներն արժանի ենք դրան»։
Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը մեր ընտրանին Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կանցկացնի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ հյուրընկալելով Չեռնոգորիայի ընտրանուն։
