Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսի՞ն էլ եք ջնջելու
44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․
««Մի նկարի պատմություն».
Հերոսների նկարները պատերից հանեցիք։ Հիմա հերթը ազգի՞ հիշողությանն է։
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսին էլ եք ջնջելու։ Չեք ջնջելու։ Ո՛չ ժողովրդի սրտից, ո՛չ հիշողությունից, ո՛չ պատմությունից։
Ազգերին հենց այսպես են նսեմացնում՝ սկզբում արժեզրկում են հերոսներին, հետո՝ նրանց սխրանքը, հետո փորձում են համոզել, թե անցյալը ոչինչ է, իսկ ազգային հիշողությունը՝ ավելորդ բեռ։
Ու այս ամենի կողքին՝ ժողովրդին 10 հազար դրամ թոշակային «բարձրացում», իսկ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին՝ աշխատավարձերի բարձրացում։
Ու իհարկե… սա է ձեր խաղաղության գինը։
Հերոսների նկարները հանել, ազգային հիշողությունը լռեցնել, անցյալի ցավը մի կողմ դնել, իսկ ժողովրդին մի քանի հազար դրամով համոզել, որ ամեն ինչ «հանուն խաղաղության» է։
Բայց հարցը մնում է՝ ո՞ւմ հաշվին է այս խաղաղությունը։
Եվ այսքան արյունը ո՞նց եք մարսելու։
Այսքան կորուստը ո՞նց եք բացատրելու։
Այսքան ցավը ո՞նց եք պահանջելու, որ ժողովուրդը մոռանա։
Պատերը կարող եք դատարկել։
Բայց ազգի սիրտը դատարկել չեք կարող։
Հերոսների անունները մնալու են։ Հիշողությունը մնալու է։ Իսկ պատմությունը չի գրվում նրանց ցանկությամբ, ովքեր այսօր փորձում են այն վերաձևել։
Սա՞ է ձեր խաղաղության գինը։
Եթե այո՝ ժողովուրդը իրավունք ունի հարցնելու՝ իսկ ո՞վ է վճարում այդ գինը։
Հ.Գ.
Ու մի բան էլ հիշեք․
Վախկոտը միշտ էլ կմնա վախկոտ՝ նույնիսկ եթե հազար անգամ փորձի իր վախկոտությունը «խաղաղության» անվան տակ ներկայացնել։
Հերոսին պատից հանելով՝ հերոս չես դառնում։
Արյունոտ պատմությունը մոռացության մատնելով՝ խաղաղություն չես կառուցում։
Սա՞ է ձեր խաղաղության գինը։
Հիշողության ջնջո՞ւմը։ Հերոսների նսեմացո՞ւմը։ Ազգային արժանապատվության վաճառո՞ւմը։
Ժողովուրդը տեսնում է։ Հիշում է։ Եվ ժամանակը իր անուններն ամեն ինչի վրա դնելու է»։
