«Հրապարակ»․ Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք
«Հրապարակ օրաթերթը» զրուցել է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանի հետ։ ՀԱՍԿ-ը 2021 թվականին մասնակցել է Վանաձորի ընտրություններին` Արկադի Փելեշյանի դեմքով, եւ երկրորդ տեղը զբաղեցրել: Հետագայում ՀԱՍԿ-ի թեկնածուն դարձավ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն եւ նշանակվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Բայց այս հոկտեմբերին նշանակված ՏԻՄ ընտրություններին ՀԱՍԿ-ը չի մասնակցում:
- Առաջիկա ՏԻՄ ընտրություններին Ձեր կուսակցությունը որեւէ տեղ չի առաջադրվել։ Ինչո՞վ է այս պասիվությունը պայմանավորված։
- Այս պահին դեռ չենք առաջադրվել, առաջիկայում հնարավոր է Վանաձորում առաջադրվենք։ Վանաձորում ընտրությունները սպասվում են մյուս տարի։ Նայում ենք, ճիշտն ասած, ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք։ Մեր կուսակցությունը երեւի այն եզակիներից է, որ արդեն անվան մեջ գաղափարախոսություն է երեւում, մյուս կուսակցություններն էկզոտիկ անուններ ունեն։
- Ո՞ր համայնքներում էիք ուզում առաջադրվել եւ ինչո՞ւ չառաջադրվեցիք։
- Արդեն կարեւոր էլ չէ, թե որտեղ էինք մտադիր առաջադրվել։ Ուղղակի քննարկումների արդյունքում հարմար չգտանք։
- Ինչպե՞ս եք գնահատում ներկա քաղաքական դաշտը եւ ՏԻՄ առաջադրումները։
- Քաղաքական դաշտի վիճակն ընդհանրապես խայտառակություն է, ես պայմանական կասեի, որ Հայաստանում քաղաքական դաշտ կա։ Օրինակ, նախորդ ընտրություններին դուք քաղաքական պայքար տեսա՞ք, անձնավորված կռիվ էին անում, միջանձնային հարաբերություններ լուծում, այստեղ գաղափարական, ծրագրային խնդիրներ չկան դրված։
- Եթե առաջադրվեք, օրինակ, Վանաձորում, պատրաստվո՞ւմ եք որեւէ ուժի հետ դաշինք կազմել, թե՞ միանձնյա եք գնալու ընտրությունների՝ հաշվի առնելով Վանաձորի վերջին ընտրությունների փորձը։
- Մենք առանձին ենք, որովհետեւ դաշինք կազմելու համար պետք է գոնե գաղափարակից ուժ լինի, ծրագրային ինչ-որ նմանություն լինի, մենք մեխանիկական դաշինք չենք կազմի որեւէ ուժի հետ։
- Թեեւ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին չեք առաջադրվել, բայց որեւէ ուժի աջակցելո՞ւ եք։
- Հիմա անկեղծ ասեմ՝ Ստեփանավանի գործող համայնքապետի՝ Արմեն Գրիգորյանի հետ մենք լավ հարաբերություններ ունենք։ Բայց առանձնապես միջամտություն չենք ունենալու այս ընտրություններին, նախ հետաքրքիր էլ է, թե էս խորհրդարանական ընտրություններից հետո ինչ վիճակ է քաղաքական դաշտում, դա մեզ հետագա քայլերում կողմնորոշվելու նոր արդյունք կտա։ Տեսնենք` առաջիկա ընտրություններում ով իրեն ոնց է դրսեւորում։ Բացի այդ, ՏԻՄ ընտրությունները մի քիչ տարբերվում են համապետական ընտրություններից, քանի որ, բացի այն, որ տեղային խնդիրներին են ուշադրություն դարձնում, ավելի շատ մարդիկ իրար ճանաչելով՝ անձնավորված ընտրություն են անում։
