Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով
Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում երկու քննիչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Աշոտ Զաքարյանի պաշտպան Վահագն Գասպարյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին մամուլում տեղեկություններ էին հայտնվել քննիչների կողմից ոստիկանության ծառայողին ծեծելու վերաբերյալ, ընդ որում՝ շոշափվում էր նաև ՔԿ Երևանի քաղաքի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի անունը։ ՔԿ-ն, արձագանքելով հրապարակումներին, հաղորդագրություն տարածեց՝ պնդելով, թե իրականում ոստիկաններն են ծեծել քննիչներին։ Մասնավորապես, ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ ոստիկանության ծառայողի և վերջիններիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից 2 քննիչ դաժանաբար ծեծի է ենթարկվել հենց քննչական բաժնի շենքի մոտ, ինչի կապակցությամբ 2026 թվականի օգոստոսի 21-ին Երևանի քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Միաժամանակ հաղորդվել էր ոստիկանության վերոնշյալ ծառայողի և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձի ձերբակալության մասին։ ՔԿ-ից պնդել էին, թե ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ։
ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում տուժող էին ճանաչվել քննիչները, իսկ ոստիկանի և նրա ազգականի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը։ Զուգահեռ մեկ այլ քրեական վարույթ նախաձեռնվել է Հակակոռուպցիոն կոմիտեում՝ քննիչների կողմից ոստիկանին ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից խոշտանգումը), որին միացվեց նաեւ ՔԿ-ում իրականացվող վարույթը։
Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպին, ինչպես հայտնի է, նախորդել է մեքենաների կայանման շուրջ տարաձայնությունը։ Մասնավորապես, ինչպես հայտնել էր ոստիկանի փաստաբանը՝ ՔԿ Մալաթիայի քննչական բաժնի դիմաց, որտեղ նաև ոստիկանության բաժինն է, կա մի խանութ, որտեղ էլ 2 քննիչ մեքենան կանգնեցրել են, խանութի սեփականատերը խնդրել է այդտեղ չկայանել, բայց քննիչները հակառակվել են, վատ պահվածք են դրսևորել՝ նշելով, թե իրենք կարող են անել այն, ինչ ուզում են․ «Վեճ է առաջացել, ու խանութի դիմաց այդ քննիչները ծեծել են խանութի սեփականատիրոջը»։
Խանութի սեփականատեր Աշոտ Զաքարյանը, ով ոստիկանության ծառայողի ազգականն է և կալանավորվել էր, արդեն ազատության մեջ է։ Նրա փաստաբան Վահագն Գասպարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ սեպտեմբերի 15-ին միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով հանրային քրեական հետապնդում հարուցել Աշոտ Զաքարյանին ծեծի ենթարկած պաշտոնատար անձանց՝ քննիչների նկատմամբ՝ հաշվի առնելով, որ արդեն իսկ, ըստ պաշտպանական կողմի, հանրային քրեական հետապնդում հարուցելու համար բավարար հիմքեր առկա են։
«Նույնական փաստական հանգամանքներում, ըստ պաշտպանական կողմի, կա՛մ պետք է Աշոտ Զաքարյանն ազատ արձակվի, կա՛մ քննիչների նկատմամբ ևս պետք է ներկայացվի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն։ 17․09․2026 թվականին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի անդրազգային, ինչպես նաև կոռուպցիոն այլ բնույթի հանցագործությունների քննության վարչության նախաձեռնությամբ և դատախազի որոշմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվել է, ներկայումս Աշոտ Զաքարյանը գտնվում է ազատության մեջ, իսկ Աշոտ Զաքարյանին ծեծի ենթարկած անձանց՝ քննիչների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ փաստացի բավարարելով իմ միջնորդությունը»,- հայտնեց փաստաբանը։
