Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան
Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնում։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Առաջին խնդիրը կարգավիճակն է, որի մասին բազմիցս խոսվել է։ Այն կարգավիճակը, որը մեզ տրվել է սովորական օրենսդրական իրավական նորմատիվ կարգավորումների շրջանակներում համապատասխան չէր մեր խնդիրներին ու իրավիճակին, մասնավորապես մեզ զրկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և տալով սովորական փախստականի կարգավիճակ, ինչպիսին ստանում են ոչ հայ փախստականները։ Բնականաբար դրա հետևանքով մենք բազմաթիվ խնդիրների առջև ենք կանգնել և առ այսօր շատ-շատ խնդիրներ նաև դրանից են բխում։ Կարծում եմ, որ պետք է լուծումը լիներ այն, որ մենք մնում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, համապատասխան փոփոխություն է կատարվում օրենսդրական կարգավորումների մեջ և կոնկրետ կարգավիճակ է տրվում բռնի տեղահանված անձանց, որոնք կարող են լինել քաղաքացի, բայց ներքին տեղահանված չեն»,- ասել է նա։
