Իսրայել Կացը սպառնում է
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ըստ հետախուզական տվյալների՝ ՀԱՄԱՍ-ը պլանավորում է իսրայելցիների նոր առևանգումներ կատարել։ Նա խմբավորմանը նախազգուշացրել է, որ Իսրայելը պատրաստ է տարհանել Գազա քաղաքի բնակիչներին ու ոչնչացնել դրա ենթակառուցվածքները, եթե ՀԱՄԱՍ-ը փորձի իրագործել իր մտադրությունները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։
«Տարբեր մտադրությունների ու հետախուզական տվյալների լույսի ներքո ես նախազգուշացնում եմ այս ահաբեկչական կազմակերպությանը և դրա կողմնակիցներին՝ Իրանից մինչև (խմբ.՝ Թուրքիայի նախագահ) Էրդողան՝ եթե նույնիսկ մեկ իսրայելցի զինվոր կամ քաղաքացիական անձ առևանգվի, ապա Գազա քաղաքն ամբողջությամբ՝ մեկ միլիոն բնակիչ կտարհանվի հարավ», – հայտարարել է Կացը։
Նախարարը նաև սպառնացել է ոչնչացնել շենքեր, այդ թվում՝ բնակելի։ Նա չի հստակեցրել, թե հատկապես ինչ հետախուզական տվյալների մասին է խոսքը:
«Սա այն լեզուն է, որը հասկանում են Գազայում և Լիբանանում գործող ջիհադական ահաբեկչական խմբավորումները, և մենք էլ այս լեզվով ենք խոսում՝ բնակչության տարհանում, ենթակառուցվածքների ոչնչացում և տարածքի գրավում», – ընդգծել է Կացը։
Պարբերականը նշում է, որ այժմ Գազայի հատվածի գրեթե բոլոր բնակիչները բնակվում են Գազա քաղաքում ու դրա հարակից տարածքներում։ Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկում է պաղեստինյան անկլավի մեծ մասը։
