Փաշինյանի այցից հետո Գառնահովիտի դպրոցի տնօրենն ինքնասպան է եղել. ի՞նչ է պատմում մարզպետը. MakaryanNews
ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Գառնահովիտ գյուղի դպրոցի 49-ամյա տնօրեն Սրապիոն Գրիգորյանն ինքնասպան է եղել Նիկոլ Փաշինյանի այցից մի քանի օր անց։ Այս մասին հայտնում է MakaryanNews-ը։
Նշենք, որ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Թալին համայնքի Գառնահովիտ գյուղ` մասնակցելու նորակառույց դպրոցի բացմանը: Կայքի պնդմամբ` գյուղում խոսակցություններ կան, որ դպրոցի տնօրենն ինքնասպան է եղել հենց դպրոցի պատճառով, անգամ հանգուցյալի կինը հոգեհանգստին ամուսնու մահը սգալիս ասել է, թե` «անիծվեր էդ դպրոցը, որ կառուցեցին»:
«Ցավալի դեպք է եղել, բայց պատճառը չգիտեմ։ Մի քանի բան եմ լսել, բայց խոսակցական մակարդակում է եղել։ Չեմ կարծում, որ դպրոցի հետ կապ ունի, քանի որ իրենց դպրոցն է վերանորոգվել։ Իմ ունեցած տեղեկություններով` անձնական խնդիր է եղել»,- կայքի հետ զրույցում ասել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովյսիսյանը։
Լրագրողի պնդումը, որ մարզպետը չի կարողացել գնալ Գառնահովիտի դպրոց, քանի որ իր ճանապարհը ոսկեթասցիները փակել էին, Մովսիսյանը հերքել է։
«Իմ առաջ ճանապարհ չեն փակել, նման բան չի եղել։ Ուղղակի գիտեին, որ գնալու եմ Գառնահովիտ, ոսկեթասցիները հավաքվել էին, որ դպրոցի փակվելու հարցը քննարկեին, մենք էլ ասել ենք, որ որևէ դպրոց չի փակվելու, ամեն ինչ ժողովրդի ընտրությունն է։ Տրանսպորտով նախատեսված ավտոբուսներ են լինելու (նկատի ունի ուղղակի աշակերտներին ապահովելու են տրանսպորտով:–խմբ.), աշակերտներին տանելու են Գառնահովիտ»,– ասաց մարզպետը։
Հավելենք, որ Ոսկեթաս և Զովասար գյուղերի աշակերտները պետք է գնան Գառնահովիտ գյուղի դպրոց:
