Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը Ազգային ժողովում, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, անդրադարձավ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործընթացին՝ նշելով, որ դատախազության պաշտոնական կայքում հրապարակվող տեղեկությունները թերի են։
Նրա խոսքով՝ փորձել է դատախազությունից պարզել, թե ընդհանուր առմամբ քանի անձի գույքի վերաբերյալ է ուսումնասիրություն իրականացվել, սակայն ստացված տվյալների և պաշտոնապես հրապարակված թվերի միջև էական տարբերություն է արձանագրել։
«Հրապարակված թվերը և այն թվերը, որոնք ինձ են տվել, ահռելի մեծ տարբերություն ունեն։ Սակայն այդքանով հանդերձ՝ 411 անձի վերաբերյալ վարույթ չի նախաձեռնվել։ Դատախազությունը հրաժարվում է հայտնել, թե ովքեր են այդ մարդիկ։ Տպավորություն է, որ այդ ցուցակում շատ տպավորիչ մարդիկ կան»,- ասաց Մանուկյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով պատգամավորի հարցադրմանը, նշել է, որ եթե դատախազությունը որոշ տեղեկություններ չի հրապարակել, ապա դրա համար, հավանաբար, իրավական հիմքեր է ունեցել։
«Վարչապետը դատախազությանը չի կարող հանձնարարական տալ։ Ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ շատ լայնածավալ տեղեկատվություն է տարածում ՀՀ դատախազությունը»,- նկատեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կարող են լինել դեպքեր, երբ Սահմանադրական դատարանի կողմից այդ գործընթացներին վերաբերող որոշումների արդյունքում գործերի և քննությունների դիտանկյունները փոխվեն։
«Ձեր հարցն իմ լիազորությունների շրջանակից դուրս է, և ես չեմ հավակնի խորը գնահատական տալ»,- ընդգծեց վարչապետը։
Մանուկյանն էլ հավելեց, որ այդ կերպ փորձում են հասկանալ՝ արդյոք երկակի ստանդարտներ են գործում. «Կներեք, բայց բազմիցս տեսել ենք, որ ձեր լիազորություններից դուրս հրահանգներ տվել եք»։
