Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավորելու, նրանից բազմաթիվ զիջումներ կորզելու, իր ուզած ձևով «ֆռցնելու» մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Աբրահամյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ալիևի հայտարարությունն այն մասին, որ պատերազմի ժամանակ իրենք միայն ռազմական ստորաբաժանումներն են թիրախավորել, աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակահարությունը, որն, ի դեպ, հենց ադրբեջանցիներն էլ տեսանկարահանել ու զետեղել էին համացանցում:
Նույնը վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական դիվերսիոն խմբի՝ Թալիշ ներխուժմանն ու Խալափյանների ընտանիքի 2 մեծահասակ անձանց դաժան սպանությանը:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ 44-օրյա պատերազմի օրերին բազմաթիվ կադրեր հրապարակվեցին հայերի գերության մեջ գտնվելու մասին, իսկ դրանից հետո այդ մարդիկ կա՛մ սպանվեցին, կա՛մ ներկայումս ունեն անհետ կորածի կարգավիճակ:
Այնպես որ, Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավորելու, նրանից բազմաթիվ զիջումներ կորզելու, իր ուզած ձևով «ֆռցնելու» և մինչև վերջ իր պարտադրածները ստանալու մասին, բայց մարդասիրության, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի, համաշխարհային մշակույթի ու կրոնական արժեքների նկատմամբ իր նվիրվածության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. ի վերջո, իրենց իրական դեմքը բոլորը գիտեն՝ թե՛ ներսում, թե՛ դրսում»:
