Վանս․ ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը առաջիկա ամիսներին կմտնի նոր փուլ
ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը առաջիկա ամիսներին կմտնի նոր փուլ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վանսը՝ New York Post-ին տված հարցազրույցում։
«Մենք չենք կարող կանխատեսել ապագան, բայց կարծում եմ՝ նախագահ [Դոնալդ Թրամփը] ճիշտ է, երբ ասում է, որ մի քանի ամիս անց իրավիճակը կմտնի բոլորովին այլ փուլ», — ասել է Վանսը։ Նա նշել է, որ Թրամփը ԱՄՆ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, և հենց նա է որոշում՝ «երբ են սկսվում հակամարտությունները և երբ են դրանք ավարտվում»։
Ինչպես պարզաբանել է ԱՄՆ փոխնախագահը, հակամարտության առաջին փուլն արդեն ավարտվել է։ Այն ենթադրում էր Իրանի միջուկային ծրագրի և հարձակողական ներուժի ոչնչացում։
«Երկրորդ փուլը լինելու է այն, որ ապահովենք՝ նրանք չկարողանան վերականգնել իրենց ուժերը, և փորձենք դրանից հետո պահպանել հնարավորինս մեծ գլոբալ կայունություն», — հավելել է նա։
