Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am

Հայաստանի շինանյութի շուկայում արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ ցեմենտի լուրջ պակասուրդ է արձանագրվում։ Խանութներում ցեմենտ կա՛մ ընդհանրապես չկա, կա՛մ վաճառվում է խիստ սահմանափակ քանակությամբ և նախկինից առնվազն 400 դրամով ավելի թանկ։ NEWS.am-ի շրջայցը Երևանի շինանյութի վաճառքի կետերով փաստում է, որ խնդիրը հասել է օրհասական մակարդակի՝ կանգնեցնելով կառուցապատման ոլորտը մեծ բարդությունների առջև։

Իրանական մատակարարումների խափանումը

Հայաստանում ցեմենտի պահանջարկի 30-40%-ը ավանդաբար բավարարվում է Իրանից ներմուծման հաշվին, որի ծավալները տարեցտարի աճում էին։ Նախորդ տարի Հայաստան ներկրված շուրջ 751 հազար տոննա ցեմենտի 80-90%-ը բաժին էր ընկնում հենց Իրանին։ Սակայն վերջին մեկ ամսում ներմուծման ծավալները կտրուկ նվազել են։

Իրանից ցեմենտ ներմուծող ընկերություններից մեկի տնօրենը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ սահմանին կուտակումներ են եւ իրավիճակը որակեց քաոսային․

«Խայտառակ վատ վիճակ է, քաոսի մեջ ենք։ Իրականում բեռնատարների հսկայական կուտակումներ են․ եթե նախկինում սահմանը հատելը ձգվում էր մաքսիմում 1-ից 3 օր, հիմա մեքենա կա՝ 16 օր մնում է սահմանին, չի կարողանում անցնել։ Անցած օրը մեքենա ենք ապրանքով լցրել՝ 1360-երորդն է եղել հերթում։ Վարորդներին ասում ես՝ մտեք ապրանքը բեռնեք, եկեք, հրաժարվում են, ասում են՝ 20 օր պիտի մնանք սահմանի փոշու մեջ, չենք անի։ Այսինքն մեքենա չկա, իսկ ցեմենտի ինքնարժեքն էլ բեռնափոխադրման թանկացման պատճառով կտրուկ բարձրացել է»։

Ինչո՞ւ են գոյացել հերթերը. տնտեսագետի պարզաբանումը

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ սահմանային կուտակումները պայմանավորված են անցակետի իրանական կողմում փաստաթղթաշրջանառության ավելացմամբ։

«Հոսքը մեծ է, որի պատճառով որոշակի փաստաթղթավորումը և այլ գործընթացներ երկարել են, դժվարացել։ Եթե նախկինում բեռնատարները սահմանն անցնում էին 1-2 օրում, հիմա 4-5 օր է պահանջվում միայն իրանական հատվածն անցնելու համար»,– նշեց Սուրեն Պարսյանը։

Սահմանային կուտակումները ցեմենտի շուկայում առաջացած դեֆիցիտի միակ պատճառը չեն։ Ըստ Պարսյանի՝ դրա վրա ազդել են նաև իրանական շուկայում այս տարվանից մտցված փոփոխությունները, որոնք բարձրացրել են տարիներ շարունակ մատչելի համարվող իրանական ցեմենտի գինը։

Եթե նախկինում հայ գնորդը կարող էր ուղղակիորեն պայմանավորվել և գործարանից ցեմենտ ձեռք բերել, ապա հիմա, Իրանի կառավարության պահանջով, վաճառքն իրականացվում է բացառապես ազգային բորսայում, որտեղ, ըստ առաջարկի և պահանջարկի, գինը կարող է էապես բարձր լինել։

«Բորսայում հայկական ընկերությունը կարող է առաջարկել 100 դոլար, իրանական ընկերությունը՝ 110, մեկ ուրիշը՝ 120, և պայմանագիրը կնքվում է ձևավորված գնի հիման վրա։ Մեր ներկրողներից շատերը այդ իրանական ներքին կանոններին ծանոթ չեն և նոր-նոր փորձում են բորսայական եղանակով գնումներ կատարել։ Դա հանգեցրել է նրան, որ ներկայումս Իրանից ներկրումը մասամբ դադարել է՝ առաջացնելով որոշակի դեֆիցիտ»,– նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Տեղական արտադրությունն ու «Արարատցեմենտի» գործոնը

Խնդիրներ են ծագել նաև տեղական այն արտադրողների մոտ, որոնք հումքը ներմուծում են Իրանից։ Ինչ վերաբերում է տեղական շուկայի խոշորագույն խաղացողին՝ «Արարատցեմենտին» (որին ըստ որոշ տվյալների՝ բաժին է ընկնում տեղական արտադրության շուրջ 75-80%-ը), ապա ընկերությունը հումքի խնդիր չունի, քանի որ օգտագործում է տեղական հումք։

Սակայն գործարանը չի հասցնում բավարարել կտրուկ ավելացած պահանջարկը, իսկ ցեմենտն, ըստ NEWS.am-ի տեղեկությունների, վաճառում է 20%-ով ավելի թանկ։

Հուլիսին գործարար Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո «Արարատցեմենտը» ժամանակավորապես անցավ պետության կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության։ Անդրադառնալով շուկայի պակասուրդին՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օրեր առաջ հայտնել էր, որ գործարանն աշխատում է առավելագույն հզորությամբ․ օգոստոսին արտադրվել է ավելի քան 95 հազար տոննա ցեմենտ, ինչը 16 հազարով ավելի է հուլիսի և 26 հազարով՝ հունիսի ցուցանիշից։ Նախարարի պնդմամբ՝ դեֆիցիտը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարմամբ, թեև խաթարման բուն պատճառները պաշտոնապես չէին նշվել։

Կառուցապատողները հրաժարվում են մեկնաբանել, թե ինչպես է ցեմենտի շուկայում առաջացած ճգնաժամն ազդել իրենց աշխատանքների վրա։ Միաժամանակ, NEWS.am-ի տեղեկություններով, որոշ ընկերություններ այս ընթացքում ստիպված են եղել ժամանակավորապես դադարեցնել շինարարությունը։ Թե երբ վերջնականապես կկարգավորվի շուկան և կլուծվի դեֆիցիտի խնդիրը, պատասխանատու կառույցները դեռևս հստակ չեն նշում։

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am