Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը
Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 16-ին կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը՝ նշանավորելով խոշոր իրադարձություն հայկական արվեստի պատմության մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ստեղծումից ավելի քան 130 տարի անց Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» (1894) գլուխգործոցն առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում՝ իր հայրենիքում։
Ղազախստանի Աբիլխան Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանի բացառիկ փոխառությամբ Հայաստան եկող «Լքյալը» ցուցահանդեսի նշանային ստեղծագործությունն է։ Միաժամանակ առաջին անգամ մեկ ցուցադրական տարածքում, որպես ամբողջացող եռապատում, կմիավորվեն Սուրենյանցի ստեղծագործական ժառանգության առանցքային և մոնումենտալ երեք կտավներ՝ «Լքյալը» (1894), «Ոտնահարված սրբություն» (1895) և «Ջարդից հետո» (1898)։
Ցուցահանդեսում ներկայացվելու են նաև Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Խաչատուրյանի, Ժիրայր Օրագյանի, Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի և այլոց՝ մարդասիրական մտածողության ընդհանուր զարգացման ուղին բացահայտող ստեղծագործությունները, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից երկու ստեղծագործություն և Սբ․ Առաքելոց եկեղեցու պատմական այն դուռը, որը պատկերված է Սուրենյանցի «Լքյալը» կտավում։
Ցուցահանդեսը կգործի մինչև 2027-ի մարտի 16-ը։
