Շինհրապարակներում պատահարների թիվն աճում է․ վերջին 3,5 տարում 80 մարդ է մшհացել. Hetq.am
2026 թվականի հուլիսի 20-ին «Դեֆանս Հաուզինգ» համալիրի շինհրապարակում աշխատակիցներից մեկը բարձրությունից վայր ընկավ ու տեղում մահացավ։ Սա առաջին դեպքը չէր այս տարածքում. նախորդ տարի սեպտեմբերին «Դեֆանս Հաուզինգ» թաղամասում ծանր մարմնական վնասվածք էր ստացել 47-ամյա մեկ այլ աշխատակից։
Այս երկու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նշանակվել են փորձաքննություններ, սակայն դրանց պատասխանները դեռևս չեն ստացվել, նախաքննությունն էլ շարունակվում է։
Կա մի ուշագրավ փաստ․ դեռ մայիսին Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել «Դեֆանս Հաուզինգ ինվեստ»-ՓԲԸ–ում և արձանագրել խախտումներ։ Թե հատկապես ի՞նչ խախտումներ են եղել՝ տեսչական մարմինը լռում է։ Իսկ այս լռությունից շաբաթներ անց գրանցվեց նոր պատահարը․ ընկերությունը նույնպես հրաժարվում է պատասխանել մեր գրավոր հարցումներին։
Ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2023 թվականին անվտանգության կանոնների խախտման հետևանքով շինհրապարակներում արձանագրվել է 131 դեպք, 2024-ին՝ 202, իսկ 2025-ին՝ արդեն 277։ Այսինքն՝ 2023-2025 թվականներին պատահարների թիվն ավելի քան կրկնապատկվել է։ 2026 թվականի առաջին կիսամյակում արդեն արձանագրվել է 142 դեպք։
Նույն ժամանակահատվածում շինհրապարակներում տեղի ունեցած պատահարների հետևանքով մահացել է 80 մարդ։ Այս դեպքերի առնչությամբ հաճախ նախաձեռնվում են քրեական վարույթներ, սակայն դրանց միայն փոքր մասն է հասնում դատարան։
Գլխավոր դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ 2023 թվականի ընթացքում «ՀՀ քրեական օրենսգրքի» 355-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է 246 քրեական վարույթ, 140 քրեական վարույթ կարճվել է, 10 քրեական վարույթ 10 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
