Հովիկ Աբրահամյանը հայց է ներկայացրել կայքի դեմ․ պահանջում է հերքում և փոխհատուցում
ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը հայց է ներկայացրել ընդդեմ «ArmPulse.am» կայքի՝ « 1 միլիոն դոլարից ավելի շորթում և սպառնալիքներ․ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապված նոր աղմկահարույց սկանադալ է հասունանում» հրապարակման համար։
Մասնավորապես, կայքը, հղում կատարելով «հավաստի տեղեկություններին», գրել է․ «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և իր հետ փոխկապակցված անձինք խարդախության եղանակով խոշոր գումար են շորթել և ճնշում են գործադրել ՀՀ-ում գործող շաքարավազ ներմուծող ընկերություններից մեկի վրա։ Ավելին՝ անվտանգության աշխատակից են ուղարկել ընկերությանը պատկանող պահեստներից մեկը, որտեղ վերջինս, ըստ մեր տեղեկությունների, սպառնալիքներ է հնչեցրել աշխատակցի հասցեին։ Խոսքը մեկ միլիոն դոլարից ավելի գումարի մասին է։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տուժած ընկերության տնօրենը մոտ օրերս դիմելու է իրավապահ մարմիններին՝ տվյալ խնդրով, որպեսզի հարցը լուծվի իրավական դաշտում։ Նաև հայտնի է դարձել, որ տուժած ընկերության աշխատակիցները ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել և պատրաստվում են բողոք ներկայացնել Հովիկ Աբրահամյանի դեմ»։
Հայցադիմումի համաձայն՝ հոդվածում կատարված հրապարակային արտահայտությունները և ներկայացված փաստացի տվյալները, սուտ են, չեն համապատասխանում իրականությանը` զրպարտություն են, որոնք արատավորում են հայցվոր Հովիկ Աբրահամյանի պատիվը և արժանապատվությունը, ուստի, Աբրահամյանը ներկայացված հայցադիմումով պահանջոյմ է պարտավորեցնել կայքին՝ հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև՝ որպես զրպարտության համար փոխհատուցում ՍՊԸ-ից բռնագանձել 6 մլն դրամ։ Որպես հերքման տեքստ Աբրահամյանը պահանջում է, որ պատասխանողը կայքում և ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով՝ առնվազն 5 աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում, հրապարակել հետևյալը․ «Հերքում ենք «1 միլիոն դոլարից ավելի շորթում և սպառնալիքներ․ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապված նոր աղմկահարույց սկանադալ է հասունանում» վերնագրով հոդվածում Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ մեր կողմից կատարված արտահայտությունները՝ խարդախության եղանակով խոշոր գումար շորթելու և ճնշում գործադրելու մասին, հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը»:
Հայցադիմումը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Արտուշ Ավագյանին։
