Պետական սահմանը չի կարող «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին. Դավիթ Անանյան
Հայաստանի հարավում կարող է մեկնարկել մի գործընթաց, որի վերջնական պայմանները հանրությունից թաքցված են, բայց հետևանքները տասնամյակներով վերաբերելու են մեր տարածքին, անվտանգությանը և ինքնիշխանությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հիշեցրել է, որ սահմանազատումը պետք է սկսվի Հայաստան–Ադրբեջան–Վրաստան սահմանների հատման կետից և շարունակվի հյուսիսից հարավ։ Սա նոր պայման չէ, քանի որ այն երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել են դեռ 2025 թվականի հունվարին։
Սակայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չի բացառել, որ TRIPP-ի արագ իրականացման համար այդ հերթականությունից շեղում լինի, և արտահերթ սահմանազատվեն այն հատվածները, որտեղով պետք է անցնեն երկաթուղին, նավթամուղը կամ գազամուղը։
Այսինքն՝ պետական սահմանի որոշման տրամաբանությունը կարող է ենթարկվել ոչ թե Հայաստանի ամբողջական անվտանգային օրակարգին, այլ կոնկրետ ենթակառուցվածքային նախագծի ժամանակացույցին։ Ընդ որում՝ դեռ 2025 թվականի սեպտեմբերին հայկական և ադրբեջանական պատվիրակությունները քննարկել էին սահմանազատման, ականազերծման ու հաղորդակցությունների կառուցման աշխատանքները համաժամանակեցնելու հարցը։
Առավել վտանգավոր սցենարն այսպիսին է․
1. TRIPP-ի արագ մեկնարկի համար արտահերթ սահմանազատվում է հարավային ռազմավարական հատվածը։
2. Հայաստանը պետականացնում կամ օտարում է անհրաժեշտ հողերը և դրանք երկարաժամկետ օգտագործման է տրամադրում հայ–ամերիկյան ընկերությանը։
3. Ադրբեջանը ստանում է դեպի Նախիջևան գործնական կապ, մինչ Հայաստանի փոխադարձ երթուղիները մնում են հետագա քաղաքական որոշումներից կախված։
4. Ադրբեջանի ուժերի՝ Հայաստանի մյուս տարածքներից դուրսբերումը չի համաժամանակեցվում այս գործընթացի հետ։
5. Բաքուն, ստանալով ենթակառուցվածքային հիմնական արդյունքը, շարունակում է խաղաղության պայմանագրի ստորագրման համար պահանջել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։
Սա, բնականաբար, անխուսափելի ելք չէ, քանի որ այս պահին չկա որևէ ապացույց, որ նոր տարածքային զիջում կա արդեն համաձայնեցված։ Բայց հրապարակային երաշխիքների բացակայության, Տավուշի միակողմանի սահմանազատման կատարման նախադեպի և Ադրբեջանի չվերացված պահանջների պայմաններում սա միանգամայն իրական ռիսկ է։
Ուստի Կառավարությունից և սահմանազատման հանձնաժողովից պետք է պահանջել հրապարակել՝
1. առաջին սահմանազատվող հատվածներն ու կիրառվող քարտեզները,
2. TRIPP-ի համար հերթականությունից շեղվելու պաշտոնական որոշման առկայությունը,
3. սահմանազատման և ադրբեջանական ուժերի դուրսբերման համաժամանակեցման ծրագիրը,
4. հարավային երթուղու քարտեզն ու ազդակիր հողերի ցանկը,
5. սեփականատերերի փոխհատուցման կարգը,
6. կառավարող ընկերության կանոնադրությունն ու բաժնետիրական համաձայնագիրը,
7. հայկական և ադրբեջանական փոխադարձ տարանցման հավասար պայմանները,
8. մասնավոր օպերատորների ու անվտանգության ծառայությունների լիազորությունները,
9. Իրանի և Վրաստանի հետ փաստաթղթավորված պայմանավորվածությունները,
10. երաշխիք, որ Սահմանադրության փոփոխությունը չի դառնա Ադրբեջանի պահանջի կատարման միջոց։
Պետական սահմանը չի կարող նախ «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին, իսկ ազգային շահը՝ բացատրվել արդեն կատարված քայլերից հետո։
Նախ պետք է հրապարակվեն քարտեզներն ու պարտավորությունները, ապահովվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ադրբեջանական զորքերի դուրսբերումը և իրական փոխադարձությունը։ Միայն դրանից հետո կարելի է կառուցել ճանապարհներ։
Հակառակ դեպքում «խաղաղության ենթակառուցվածք» անվան տակ Հայաստանը հերթական անգամ նախապես կատարելու է իր ստանձնած բոլոր պարտավորությունները, Ադրբեջանին տալու է պահանջված ռազմավարական արդյունքը՝ դիմացը ստանալով ոչ թե երաշխավորված խաղաղություն, այլ նոր պահանջների հաջորդ փաթեթը։
