Աղմկոտ հարցազրույցի մասին, մի քանի դիտարկում
Մի քանի դիտարկում կառավարող ուժի նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկոտ հարցազրույցի վերաբերյալ։
Լավ է, որ նա մի կողմից խոսում է կառավարող ուժում առկա մեղմ ասած ներքին «որակների» մասին, եւ մյուս կողմից չի լքում այն։ Համենայն դեպս առայժմ նա կարծես թե ՔՊ անդամ է։ Այս պարագայում, նրա գնահատականներն ու հայտարարությունները դառնում են առավել նշանակալից, համոզիչ ու ազդեցիկ, ըստ իս։
Սակայն, այստեղ կա մի էական հարց։ Իսկ Հայկ Սարգսյանն ի՞նչ է պատրաստվում անե ՔՊ ներսում իր իսկ մատնանշած երեւույթների դեմ ներկուսակցական պայքար ծավալելու համար։ Իհարկե խոսելն էլ քիչ չէ՝ առավել եւս մնալով այդ ուժի անդամ։ Բայց, միայն խոսելը բավարար չէ, որովհետեւ այդ խոսքը ժամանակի ընթացքում պարզապես կդառնա շատ սովորական, եւ վերջ։
Ըստ այդմ, ի”նչ է նա պատրաստվում անել, որպեսզի գործուն ներկուսակցական պայքար ծավալի ՔՊ այդ արատավոր երեւույթների, իր մատնացույց արած խնդիրների դեմ։ Օրինակ, պայմանական իմաստով, պատրաստվո՞ւմ է ձեւավորել իր «ֆրակցիան» կուսակցության ներսում եւ տալ որակների կամ արժեքների կռիվ, ինչպես ինքն է ասում։
Այդ դեպքում արդեն, ամեն ինչ կդառնա իրապես լուրջ։
Այլապես, կամ Հայկ Սարգսյանը «շնորհազրկվել է արքունիքում»՝ ինչ որ պատճառով (օբյեկտիվ, թե սուբյեկտիվ՝ այլ հարց է), կամ գործ ունենք մեկ այլ տարբերակի հետ․ նա ընդամենը Նիկոլ Փաշինյանի ներկուսակցական վարքագծի նոր մեխանիզմ է, որով Փաշինյանը գուցե կարտահայտի այն, ինչ չի կարող ասել կամ բարձրաձայնել անձամբ եւ այդպիսով կփորձի Հայկ Սարգսյանի գործոնը օգտագործել իբրեւ ներկուսակցական՝ առնվազն հոգեբանական մամլիչ։
Գրել է Հակոբ Բադալյանը
