ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո կառուցում է առևտրային և էներգետիկ այլընտրանքային ուղիներ
Արաբական Միացյալ Էմիրությունները, իրանական պատերազմի հետևանքները հաշվի առնելով, ստեղծում է էներգակիրների արտահանման և առևտրի այլընտրանքային ուղիներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին սեպտեմբերի 7-ին հայտարարել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը։
«Ոչ մեր էներգակիրների արտահանումը, ոչ էլ մեր առևտրային և տնտեսական գործունեությունը պատանդ չեն դառնա», – Աբու Դաբիում անցկացվող Hili Forum-ում ասել է Գարգաշը։
Նրա խոսքով՝ ԱՄԷ-ն ընդլայնում է իր արևելյան ափի երկայնքով նավահանգիստների կարողությունները, ինչպես նաև զարգացնում է խողովակաշարերը, երկաթուղային ցանցը և այլընտրանքային միջանցքների առևտրային ուղիները։ Գարգաշը նշել է, որ թեև Իրանի հետ հարաբերությունները հնարավոր է վերականգնել, սակայն վստահության վերականգնումը հարևան երկրների հետ կարող է տևել տասնամյակներ։
«Իրանի հետ ֆունկցիոնալ հարաբերությունները կարող է և պետք է վերականգնվեն, սակայն վստահության վերականգնումն այլ հարց է», – ասել է Գարգաշը։
ԱՄԷ-ն, որը Իրանի համար կարևոր տնտեսական օղակ է, օգոստոսին դադարեցրել էր Իսլամական Հանրապետության հետ բոլոր ֆինանսական և տնտեսական գործարքները՝ պայմանավորելով դա Թեհրանի կողմից ռազմական էսկալացիայով և իրանական կողմից եկող հրթիռային սպառնալիքներով։ Գարգաշը նաև քննադատել է արաբական ծոցի երկրների արձագանքը Իրանի հարձակումներին՝ նշելով, որ նրանց համատեղ գործողությունները բավարար չեն եղել։
«Երկար տարիներ մենք ընդհանուր առմամբ համաձայն ենք եղել Իրանի կողմից ստեղծվող մարտահրավերի բնույթի շուրջ։ Հետևաբար խնդիրը իրավիճակը հասկանալու պակասը չէր։ Այս պատմական մարտահրավերին դիմակայելիս մեր թերությունն այն էր, որ ընդհանուր ըմբռնումը չկարողացանք վերածել բավականաչափ միասնական և ռազմավարական արձագանքի»,- ասել է նա։
