9 նոր պայմանագիր՝ առանց մրցույթի․ ի՞նչ է ձեռք բերել Հ1-ը. pastinfo.am
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի, 9 պայմանագիր է կնքել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին փաստում են պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերը։
Պայմանագրեր են կնքվել, մասնավորապես, Հերմինե Հարությունյան, Սարգիս Ստեփանյան, Հակոբ Պապիկյան, Նիկոլայ Բոզանյան անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև «Գասպար Բեսթ» ՍՊԸ-ի, «Զեթար Ֆեյշըն Ռիթեյլ» ՓԲԸ-ի և «Բիար Ֆեյշըն Ռիթեյլ» ՓԲԸ-ի հետ։
Կնքված պայմանագրերի համար վճարվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 58 հազար 250 դրամ։ Գումարի մեծ մասը՝ 411 հազար 300 դրամը, երկու պայմանագրով տրամադրվել է «Զեթար Ֆեյշըն Ռիթեյլ» ՓԲԸ-ին։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ ՓԲԸ-ն պատկանում է Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ Սալման Ալհոկաիրին, Աբդուլմաջիդ Ալհոկաիրին և Ֆավազ Ալհոկաիրին։ Նշենք, որ այդ ընկերությունը Zara հագուստի խանութների ցանցը շահագործող ընկերությունն է։
Վերը նշված ընկերությունից ձեռք են բերվել տաբատներ, անձրևային բաճկոններ, վերնաշապիկներ և շապիկներ։
Հագուստ է ձեռք բերվել նաև մյուս ՓԲԸ-ից՝ «Բիար Ֆեյշըն Ռիթեյլ»-ից, որը «Marks & Spencer» հագուստի խանութ-սրահների ցանցի պաշտոնական ներկայացուցիչն է։
Ձեռք են բերվել նաև հանրային սննդի, գովազդային հոլովակի նկարահանման և հրապարակման, ՀՀ տարածքում բեռնափոխադրման և ձայնագրման ծառայություններ։
Նկատենք, որ հպարտ հարկատուների հաշվին «սնվող» Հանրային հեռուստաընկերությունը պետգնումների պայմանագրերը հիմնականում կնքում է առանց մրցույթի։
