130 երիտասարդները «կորած են». ազատամարտիկը զայրացած է
«1993 թվականին, երբ հայ ազգի համար ամենասարսափելի օրերն էին, չկային մարդիկ, որ պոստ պահեին, դատարկություն էր: Այդ ժամանակ շատերին ստիպելով էին սահման ուղարկում»,-Հայել.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը; Խաչատրյանը չի համակերպվում արյան գնով նվաճված հայրենիքում փաստացի պատանդ լինելու մտքի հետ: Նա ընդգծում է, որ այսօր, հայը իր երկրում չի ապրում հայավարի: «Առաջ են գնում կեղծ կենսագրությամբ հայտնի մարդիկ, որոնք պատերազմի մասին հուշեր են պատմում: Այդ մարդկանց մեծամասնությունը չի եղել ծառայության մեջ: Այսօրվա իշխանության մեջ մտնողները չեն եղել ծառայության մեջ, այդ մարդիկ իշխանությանը անդամագրվում են շահադիտական նպատակներով»,-ասում է ազատամարտիկը: Ազատամարտիկը չի կարող մի քանի խոսք չուղղել գործող իշխանություններին. «Այս իշխանությունները լավ բան չեն արել մեր երկրի համար: Նրանք մարտի մեկով են եկել: Մինչև այսօր որևէ բնագավառում առաջընթաց չկա, ավելի ենք աղքատացել»,-իր մտքերով կիսվեց ազատամարտիկը: «Իշխանության մեջ մտնողները ովքե՞ր են : Այսօր իմացա, որ 130 երիտասարդ պատրաստվում են հանրապետական դառնալ: Այդ երիտասարդները կորած են մեզ համար: Ազատամարտիկը չի կարող այս իշխանության մեջ մտնել : Իշխանության մեջ մտնում են այն մարդիկ, ովքեր ակնկալիքներ ունեն: Նրանց ուսագլխից մինչև ծնկները մեդալներ են շարված»,-նկատում է Խաչատուր Խաչատրյանը, ով ընտանիքի 13 անդամի հետ միասին ապրում է վարձակալած բնակարանում, որի վարձը արդեն մի քանի ամիս չի կարողանում վճարել: «Ժողովրդի ու հայրենիքի նվիրակները բանտ ընկան:Ապարը, Ռեմբոն….Սևեռվենք Ավետիսյան Խաչիկի վրա, ո՞վ է իմանում, որ նա երեխաների հետ միասին է սահման գնացել: Նույնը Վոլոդյա Ավետիսյանը, ով շինծու գործով դատապարտվեց: Այսքանից հետո ո՞ւմ վստահենք ու ոնց ապրենք մեր հայրենիքում»,-ընդգծեց Խաչատրյանը: Անդրադառնալով Նորք-Մարաշում վնասազերծված ահաբեկչական խմբավորման անդամներին, որոնց աջակցելու մեղադրանքով ազատամարտիկներ ձերբակալվեցին` Խաչատրյանն ասաց. «Եթե Քեսաբ գնացող զինվորներ են եղել, խոսքը այն տղայի մասին է, որը իբր ղեկավարել է ահաբեկչական խմբավորումն և նա մեր ազատամարտիկներից մեկի տղան է: Ես էլ զենք ունենայի Քեսաբի համար զենք կտայի, չէ որ հանուն հայերի էր:Մեր երկրի ներսում հայի վրա զենք բարձրացնելը ընդունելի չէ: Ազատամարտիկը չի կարող հայի վրա ձգան ձգել: Ես կարծում եմ, որ հայրենիքի դավաճանն էլ է թուրք, բայց տեռորիստական ակտի ժամանակ կարող էին պատահական անցորդներ զոհվել, որը անընդունելի է»,-եզրափակեց զայրացած ազատամարտիկը: Հիշեցնենք, 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Լուսինե Ղազարյան
