Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ին է դիմել՝ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչության» քաղաքականության կապակցությամբ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության դեմ իրականացվող «տնտեսական ահաբեկչության» քաղաքականության կապակցությամբ ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամներին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Իր նամակում Իրանի ԱԳ նախարարը ներկայացրել է ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչության քաղաքականության» վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։ Արաղչին ընդգծել է ՄԱԿ-ի և բոլոր կառավարությունների «իրավական և բարոյական պատասխանատվությունը»՝ դատապարտելու ԱՄՆ վարչակազմի «ապօրինի և հանցավոր գործողությունները»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի նկատմամբ «աննախադեպ մասշտաբով տնտեսական պատերազմ և մեկուսացում» սկսելու մասին։ Նա նաև նախազգուշացրել էր, որ այն երկրները, որոնց ֆինանսական կառույցները, ձեռնարկությունները, օդանավակայանները կամ պետական կառույցները կաջակցեն Թեհրանին, ԱՄՆ-ի կողմից լուրջ տնտեսական հետևանքների կբախվեն։
Իրանի ԱԳՆ-ն, արձագանքելով այդ հայտարարություններին, նշել էր, որ ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությունը Իրանի նկատմամբ «տնտեսական ահաբեկչություն է և հանցագործություն մարդկության դեմ»։
