Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է»
«Al Monitor» վերլուծական հարթակը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ Իսրայելը մեծացրել է Թուրքիայի և Սիրիայի հետ լարվածությունը նվազեցնելուն ուղղված դիվանագիտական շփումները։ Նշվել է, որ Մոսադի ղեկավար Ռոման Գոֆմանին հանձնարարվել է լարվածությունը նվազեցնելուն ուղղված նախաձեռնություններ իրականացնել։
Ընդգծվում է, որ Սիրիայի հարցում Իսրայելի՝ ավելի կոշտ գծից հեռանալուն նպաստել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայելի և Սիրիայի միջև համաձայնության հասնելու ուղղությամբ գործադրած ճնշումը։ Աղբյուրը նաև պնդել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջիկա ընտրություններից առաջ ցանկանում է պահպանել Թրամփի աջակցությունը, և Սիրիայի հարցում ավելի փոխզիջումային դիրքորոշում որդեգրելը կարող է կապված լինել դրա հետ։
«Al Monitor»-ի հրապարակման մեջ նշվել է, որ Իսրայելի ղեկավարությունը վերանայում է նաև ԱՄՆ-ի՝ Անկարայում դեսպանի և Սիրիայի ու Իրաքի հարցերով հատուկ ներկայացուցչի Թոմ Բարաքի նկատմամբ իր մոտեցումը։
Հրապարակման մեջ նաև ներկայացված է անանուն իսրայելցի պաշտոնյայի կարծիք, ով անդրադառնալով Թուրքիայի հետ հնարավոր բախմանը, նշել է․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է»։
Ermenihaber
